ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել են ոչ սթափ վարորդներ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 7-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 1, վերասարքավորված խլացուցիչով՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 14 անձ, որոնցից երկուսը նաև վարորդական իրավունքի վկայական չուներ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։