Կորոնվիրուսից մահացած անձանց այսուհետ կարող են հերձել

Այսօր կառավարության նիստում հավանություն է տրվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:

Ըստ ախագծի հիմնավորման, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ:

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել վերոնշյալ պահանջը:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց չհերձելու պահանջը նախորդ տարի էր ներմուծվել, երբ համավարակը մեծ տեմպերի էր հասել: