Պաղեստինում հայտարարել են քիմիական զենքի հնարավոր կիրառման պատճառով մարդկանց զոհվելու մասին

Պաղեստինի առողջապահության նախարարությունը մայիսի 13-ին հաղորդել Է, որ Գազայի հատվածի մի քանի զոհված բնակիչների մոտ հայտնաբերվել են թունավոր գազերից խեղդվելու նշաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աշ-Շիֆա» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի զոհվածների մարմին: Պաթոլոգոանատոմի զննումից հետո պարզվել Է, որ մահվան անմիջական պատճառը դարձել Է խեղդվելը, նաեւ առկա են ակնհայտ նշաններ, որոնք ցույց են տալիս թունավոր գազեր շնչելու հետեւանքով խեղդվելու հնարավորությունը»,-ասվում Է Facebook-ում հրապարակված մամուլի տեղեկագրում:

Առողջապահության նախարարությունը նշել Է, որ անցկացվում Է զոհվածներից վերցված կենսանյութերի անալիզ: Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել Է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին:

Պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 1600 հրթիռ: Իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքի արդյունավետությունը կազմում Է շուրջ 90 տոկոս: Իրադրության սրվելուց ի վեր զոհվել են վեց խաղաղ իսրայելցիներ եւ մեկ զինվորական:

Իսրայելը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին, գրոհի Է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադ»-ի շուրջ 600 ռազմական թիրախներ: Մայիսի 12-ի գիշերվանից օդային տագնապի շչակները չեն լռում պաղեստինյան միջատարածքին սահմանակից քաղաքներում եւ Աշկելոնում:

13:00-ից պաղեստինյան խմբավորումներն սկսել են գնդակոծել Աշդոդ խոշոր քաղաքը, երեկոյան շչակները հնչել են Թել Ավիվում եւ քաղաքամերձ բնակավայրերում: Իսրայելի բանակը զորակոչել Է հինգ հազար պահեստայինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ գործողության ժամանակ տարբեր ստորաբաժանումների ամրապնդման նպատակով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: