Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում լարվածության իրավիճակին. Ֆրանսիայի նախագահական

Ֆրանսիայի նախագահականը Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի մասին մամուլի հաղորդագրություն է տարածել.

«Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանրապետության Նախագահը հիշեցրել է այն կարևորությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին՝ այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։