Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել. Factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Այսօր ոստիկանությունից Factor.am-ին փոխանցել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանից Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է և տեղափոխվել ԱԱԾ։ ԱԱԾ-ն Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 2020-ի մարտին, նա մեղադրվում է պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք հափշտակելու համար։

Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։ Նա մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանից, որը գրավի դիմաց ազատ արձակելու մասին հարցին ի պատասխան ասաց՝ մեկնաբանել չի կարող։

Փոխարենը պաշտպանը տեղեկացրեց, որ Բեգլարյանը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և ինքնակամ է ժամանել Հայաստան․

«Նա ինքնակամ ներկայացել է ԱԱԾ, առաջադրված մեղադրանքում էլ իրեն մեղավոր չի ճանաչում»։

Նշենք, որ ըստ մամուլի՝ Բեգլարյանի եղբայրը մահացել է, և նա դրա համար է ՀՀ եկել։

ՀՀ Գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին: