Եվրոպայի մեծ հատվածում առաջիկա հանգստյան օրերին անսովոր բարձր ջերմաստիճան է սպասվում։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ գարնան վերջին նման շոգը աստիճանաբար դառնում է նոր իրականություն։
Ինչպես գրում է Euronews-ը, Իսպանիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը՝ AEMET-ը, հայտնել է, որ Պիրենեյան թերակղզում սպասվում են «տարվա այս ժամանակի համար բացառապես բարձր ջերմաստիճաններ»։ Հիմնական հովիտներում ջերմաստիճանը կարող է հասնել 34°C-ի, իսկ Գուադիանայի և Գուադալկիվիրի հովիտներում՝ մինչև 38°C-ի։
Բարձր ջերմաստիճաններ են կանխատեսվում նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Պորտուգալիայում։ Մեծ Բրիտանիայում հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել 30-32°C-ի, իսկ երկուշաբթի՝ մինչև 33°C-ի։ Գերմանիայում կանխատեսվում է մինչև 30-31°C, Փարիզում՝ մոտ 33°C, Հռոմում՝ 31°C, իսկ Լիսաբոնում՝ 27-31°C։
Մասնագետները նշում են, որ երկարատև շոգի դեպքում միայն այն կարող է պաշտոնապես համարվել ջերմային ալիք, սակայն կանխատեսվող ցերեկային և գիշերային ջերմաստիճանները բնորոշ են ոչ թե մայիսին, այլ ամռան կեսին։
Կլիմայական փորձագետ Իոնա Վերգինիի խոսքով՝ Եվրոպայի ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և առողջապահական համակարգերը դեռ «հարմարեցված են հին օրացույցին» և պատրաստ չեն տարվա այս հատվածում նման բարձր ջերմաստիճաններին։ Նրա խոսքով՝ խնդիրն արդեն միայն Միջերկրածովյան երկրներին չի վերաբերում․ շոգի ազդեցությունը զգում են նաև այն երկրները, որոնք ավանդաբար ավելի զով կլիմա ունեն։
Euronews-ը նշում է, որ Եվրոպայի քաղաքներն արդեն փորձում են հարմարվել նոր իրականությանը։ Օրինակ՝ Բարսելոնայում գործում են հարյուրավոր «կլիմայական ապաստարաններ»՝ հանրային շենքերում, գրադարաններում, թանգարաններում, սպորտային կենտրոններում և առևտրի կենտրոններում։ Դրանք նախատեսված են հատկապես տարեցների, երեխաների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։



















