Ակտիվ փուլում է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցումը․ ներդրվել է մոտ 2 միլիարդ դրամ

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Չնայած կարևոր նշանակությանը` խորհրդային տարիներից ի վեր այս ճանապարհը երբեք չէր վերանորոգվել։ 

Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։

Վերակառուցումից հետո ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը` դեպի մայրաքաղաք։

Գառնի-Լանջազատի վերակառուցումը խիստ կարևոր է` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Առավել հարմարավետ կդառնա զբոսաշրջային մեծ պահանջարկ ունեցող այցելավայրեր մեկնելը, մասնավորապես՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ։

Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռնի զբոսաշրջիկներին` էականորեն խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։ 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ, նախատեսվում է իրացնել մոտ երկու միլիարդ դրամ։