Հիմա պետք է մեր ժողովրդին տանք բացատրություններ. Մարուքյանը՝ ԱԺ արտահերթ նիստում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ միայն վարչապետի պաշտոնակատարի ստորագրությամբ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, խորհրդարանն այն պետք է վավերացնի:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի ներկայացմանը:

Ըստ նրա՝ որևէ միջազգային պայմանագիր առանց խորհրդարանի վավերացման չի կարող իրավական ուժ ունենալ: Հայտարարության տեքստն ընթերցելիս Մարուքյանը, մասնավորապես, ասաց.

«Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում»:

ԼՀԿ ղեկավարը նկատեց, որ նոյեմբերի 10-ից հետո բոլորը ծանր ապրումներ են ունեցել և շարունակում են ունենալ, և տրամադրությունները բնավ նախընտրական չեն:

«Այս իրավիճակում ինչու՞ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բանակցում է մի փաստաթուղթ, որի մասին իմանում ենք ոչ պաշտոնական տեղեկատվական աղբյուրներից:

Եթե բանակցվում է, և երկու կողմն էլ փաստաթղթի հետ պրոբլեմ չունեն, վարչապետի պաշտոնակատարը պնդում է, որ դա 100 տոկոսով համապատասխանում ՀՀ ազգային շահերին, ինչու՞մն է խնդիրը, որ դա չի լուսաբանվում գոնե խորհրդարանական ուժերին»,-ասաց Մարուքյանն ու հետաքրքրվեց, թե ինչու որևէ ֆորմատով՝ փակ, բաց, կիսափակ, որևէ ռեժիմով քննարկում չի լինում:

Նա նկատեց, որ փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունը սպրդվելուց հետո 2 օր է՝ հայ ժողովուրդը ոչ քուն ունի, ոչ դադար: «Սրա պատասխանն ո՞վ է տալու: Եվ խորհրդարանական ընդդիմությունն իր ձեռքի տակ եղած միակ լծակն օգտագործել, հրավիրել է արտահերթ նիստ և հիմա պետք է մեր ժողովրդին տանք բացատրություններ՝ այս հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացրեցի»,-ասաց Մարուքյանը: