Տվյալներ չկան զինծառայողի՝ հակառակորդի կողմում հայտնված լինելու վերաբերյալ․ դատախազությունը՝ զինծառայողի անհետացման մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

ՀՀ ԶՈՒ զինծառայողի անհետացման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ.

2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:

Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ։Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ:

Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում:

Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են:Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նկատի ունենալով այս հանգամանքը՝ հորդորում ենք դեպքի կապակցությամբ չճշտված տեղեկություններ հրապարակելուց զերծ մնալ: Նոր հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանն արդեն մեկ շաբաթ է՝ անհետ կորած է։