ԵՏՄ ճանապարհին «սարսափներ պետք է սպասել». Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը վերջին տարում ցույց տվեց իր իրական դեմքը

ԵՏՄ ճանապարհին «սարսափներ պետք է սպասել». Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը վերջին տարում ցույց տվեց իր իրական դեմքը
ԵՏՄ ճանապարհին «սարսափներ պետք է սպասել». Ըստ վերլուծաբանների, Ռուսաստանը վերջին տարում ցույց տվեց իր իրական դեմքը

Հայաստանը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, անվտանգության տեսանկյունից որևէ ձեռքբերում չի ունենա, ավելին, այդ առումով իրավիճակը կվատթարանա: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսված է Հայաստանի կողմից Եվասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի ստորագրումը:

Նախատեսվում է, որ Հայաստանը միության անդամ կդառնա  2015 թվականի հունվարի մեկից: Վերլուծաբանները բազմիցս ահազանգել են, որ միանալով Ռուսաստանի կողմից ստեղծված այդ միությանը, Հայաստանը զիջում է իր ինքնիշխանությունը Ռուսաստանին, իսկ Հայաստանի անվտանգության հարցերն ամենևին չեն լուծվում, ինչպես իշխանություններն են ասում: 

«Եթե խոսենք ռազմաքաղաքական անվտանգության մասին, ապա այդ միությունը որևէ կերպ չի լրացնելու այն, ինչ այսօր առկա է: Նախ միությունը տնտեսական է և միության մեկ անդամն է, որ կարող է համարվել Հայաստաի դաշնակից անվտանգության հարցերով, այն էլ խոշոր վերապահումով: Խոսքը Ռուսաստանի մասին է: Մյուս երկրները բացահայտ չեն թաքցնում ոչ միայն իրենց համակրանքը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանի նկատմամբ, այլ նաև այդ ուղղությամբ կատարում են քայլեր»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Եթե խոսում ենք տնտեսական անվտանգության ապահովման մասին, նրա խոսքով, դա նույնպես շատ կասկածելի է, եթե չասենք՝ ոչ իրատեսական: Եթե անգամ տեսականորեն խոսվում է հայաստանյան բիզնեսի կողմից այդ մեծ շուկայում ծառայություններ մատուցելու և ապրանքներ իրացնելու հնարավորության մասին, ապա պետք է հասկանանք, որ այդ երկրներն ավտորիտար երկրներ են, և այդ շուկաներ մուտք են գործում թույլտվություն ստանալով միայն:

«Եվ այստեղ անգամ Եվրասիական միության հիմնադիր պայմանագրերում կամ նորմատիվ ակտերով դատելն անիմաստ է դառնում»,- ասում է նա:

Ժողովրդավարական և քաղաքական ինստիտուտների առումով, ըստ Ստյոպա Սաֆարյանի, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, պետք է ավելի շատ սպասել նահանջ, քան թե որևէ առաջընթաց: Հետևաբար, նրա խոսքով, միանալով այդ միությանը, Հայաստանի վիճակի լավացում  չի սպասվում, իսկ որոշ առումներով վատթարացումը տեսանելի է:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ անցած մեկ տարում, երբ Հայաստանը որդեգրել էր  Մաքսային միությանը միանալու քաղաքականությունը, այդ միության հիմնադիր երկիր համարվող Ռուսաստանը տարածաշրջանում ագրեսիվ վարքագծով աչքի ընկավ:

«Մենք կարող ենք ասել, որ Եվրասիական ինտեգրման նախագծերը չափազանց ագրեսիվ են և դրանց բախումնային էությունը մենք տեսանք Ուկրաինայում: Ոչ միայն չբարելավվեց Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը, այս ամռանը մենք սահմանում ականատես եղանք իրավիճակի սրմանը և այն էլ Ադրբեջանի հրահրմամբ: Հետևաբար, մենք կարող ենք ասել, որ դա որևէ դրական ազդեցություն չի ունեցել»,- նշում է վերլուծաբանը:

«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում միայն անվտանգության սպառնալիքներն են ավելանալու:

«Անվտանգության բարելավման հույս չկա, սա միայն սպառնալիք է, հույս չէ, սարսափներ պետք է սպասել»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անցած մեկ տարվա ընթացքում հստակ ցույց տվեց իր դեմքը: Նախ Ուկրաինայում երևաց, թե Ռուաստանն ով է, հետո Հայաստանում փոքրիկ դոզաներով Ռուսաստանը ցույց տվեց, թե ինքն ով է: Այնպես որ, ըստ քաղաքագետի,ԵՏՄ-ն անվտանգության տեսանկյունից ամբողջովին Հայաստանի դեմ է ուղղված:

Այս փուլում, երբ ոչ իշխանական եռյակը հանրահավաքներ է անցկացնում, իրենց ընդդիամադիր համարող այս ուժերի ներկայացուցիչները խուսափում են հրապարակային  ելույթներ ունենալ Եվրասիական ինտեգրման դեմ և քննատել Հայաստանի իշխանությունների այդ քայլը:

Աղասի Ենոքյանն ասում է, որ եռյակը պրոռուսական է, նրանց այդ հարցը չի մտահոգում:

«Այսօր այդ եռյակի առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում կրկին անգամ հաստատել է եռյակի պրոռուսական լինելը: Ցավոք սրտի, այս խնդիրն իրենց չի հետաքրքրում, և այդ պատճառով է, որ այս ուժերին չի կարելի կոչել ընդդիմադիր:  Հայաստանի առջև այսօր կանգնած հիմնական խնդիրը հենց ազգային անվտանգության խնդիրն է: Մինչդեռ նրանք հավաքվում են, միտինգ են անում ինչ-որ անհեթեթ հարցերի շուրջ՝ կարմիր գծեր, թոշակներ»,- ասում է քաղաքագետը:

Ստյոպա Սաֆարյանը նույնպես նկատում է, որ այս երեք կուսակցությունների ձևավորած հոսանքը ոչ միայն չի խոչընդոտում Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրմանը, այլ հակառակը՝ օգնում է:

«Այս առումով պետք է ասել, որ եռյակն իր քաղաքական օրակարգում այդ հարցը չընդգրկելով՝ արդեն նպաստում է այդ նախագծի իրականացմանը: Եթե նրանք զգային, որ դա իշխանության գալու հետ կապված կարևոր խնդիր է, ապա նրանք դա կանեին: Նրանք դա չեն անում, և ինչպես եռյակի ներկայացուցիչների հայտարաություններն են վկայում նրանք ամենևին դեմ չեն Հայաստանի՝ Եվրասիական ինտեգրմանը»,- կարծում է Ստյոպա Սաֆարյանը:

Աղասի Ենոքյանը չի բացառում, որ եռյակը հատուկ է Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավավաքի համար ժամկետ ընտրել հոկտեմբերի 10-ը: Դրանով, նրա խոսքով, միգուցե եռյակը փորձում է հաստատել, որ դեմ չէ այդ ինտեգրմանը:

«Միգուցե հատուկ ընտրել են այն առումով, որ ցույց տան իրենք դրան դեմ չեն, մեկ անգամ ևս հավաստում են, որ այդ մասին չեն խոսելու: Ենթադրելով, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չի լինելու և հետևաբար կտրուկ քայլեր չեն լինի: Շատ հարմար ու գեղեցիկ աշուն է, շուտով ցրտերը ընկնում են, սեզոնային հանրահավաքի համար շատ հարմար օր է»,- նշում է Ենոքյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am