«Այս պահին ցանկացած անկայուն կամ տուրբուլենտ իրավիճակ Հայաստանի համար կարող է կործանարար լինել». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը

 – Պարո՛ն Պետրոսյան, ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման փոխարեն հակամարտությունն ավելի է խորանում, ու ոմանք կրկին սկսել են խոսել երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին։ Ինչո՞ւ կողմերին չի հաջողվում գալ ընդհանուր հայտարարի ու դադարեցնել կես տարուց ավելի ձգվող պատերազմը։

– Շատ դժվար կլինի ասել, թե ինչու տեղի չի ունենում հանգուցալուծումը, որովհետև որևէ մեկն իրականում չգիտի, թե ինչ խնդիրներ են դրված կողմերի առջև, իսկ սա շատ կարևոր է։ Բազմաթիվ աղբյուրներից լսում ենք վերջնական դատողություններ, թե ռուսական կողմն ինչպես տապալվեց, ամերիկյան կողմն ինչպես հաջողեց և հակառակը։ Բայց հանրություն նետվող այս դիսկուրսները մենք պետք է կարողանանք նոր որակի բերել․ երբ ասում ենք՝ մի կողմը տապալվեց կամ մի կողմը հաղթում է, մենք ինչ ենք հասկանում, արդյոք մենք գիտեի՞նք՝ ինչ նպատակ էր դրված կողմերից յուրաքանչյուրի առաջ, որ ըստ դրա կարողանանք չափելի դարձնել՝ կողմերը հաջողեցին, թե չէ։ 

Իրականում որևէ մեկը պատկերացում չունի, թե ինչ նպատակներ են դրված կողմերի առաջ, մենք միայն կարող ենք փաստել, որ իրականում ազդեցությունների ընդլայնման գործընթաց է գնում, որի համար լուրջ պայքար է ընթանում, բայց թե այդ պայքարի ո՛ր հատվածում ենք մենք գտնվում, որ կողմն իր պլանից որքա՛ն է շեղվել, որևիցե մեկը, հավատացնում եմ, չի կարող ասել։ 

Մարդիկ, որոնք քիչ թե շատ ծանոթ կլինեն, թե ինչ մակարդակում են որոշումներն ընդունվում գերտերություններում, իրենք կտեսնեն, թե ինչ հսկայական ինստիտուտներ են աշխատում ռազմավարական պլանավորման ու ապագայի մոդելավորման վրա, նման հստակ դիրքորոշում չեն արտահայտի։ Միակ բանը, որ հստակ կարող ենք արձանագրել, այն է, որ լարվածությունը հսկայական է, որն անմիջականորեն արտահայտվելու է մեր տարածաշրջանի վրա ու շատ ավելի անմիջական արտահայտվելու է մեզ վրա, իսկ մնացած վերլուծություններն այս հակամարտության մասով ես լուրջ չեմ ընդունում, հատկապես հայաստանյան վերլուծությունները։

– Խերսոնից ռուսական զորքի դուրսբերումը հատուկ նպատա՞կ էր հետապնդում, թե՞ իսկապես Ռուսաստանը նահանջեց։

– Այս հարցը ևս նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել, որովհետև որևէ մեկս չգիտենք, թե իրականում ի՛նչ գործընթաց է ընթանում, ի՛նչ է պլանավորվում, ի՛նչ են անում։ Ընդամենը մեկ տվյալ ասեմ. օրինակ՝ ռուսական միջին հեռահարության հրթիռները Եվրոպան տալիս էր Ուկրաինային. սրանք եվրոպական աղբյուրների պաշտոնական տվյալներ եմ ասում, ուկրաինական կողմը ուղիղ 15 օրվա ընթացքում կրակում էր այդ հրթիռների ամբողջ Եվրոպայի մեկ տարվա արտադրանքը։ Ես որևիցե կերպ չեմ կարող ասել, թե ռուսական կողմը սրանով իր հին տեխնիկա՞ն էր ուղղակի սպառում, որով նաև սպառման էր բերում ամբողջ եվրոպական պոտենցիալը ինչ-որ չափով, թե՞ այլ նպատակ կա, հստակ ասել չեմ կարող։ 

Նույնը նաև այդ զորքերի դուրսբերման հարցն է. ոչ ոք չի կարող հստակ ասել՝ դա իսկապե՞ս նահանջ է, թե՞ տակտիկական նահանջ է։ Բնականաբար, ռուսական կողմի կողմնորոշման մարդիկ ձեզ կասեն, որ սա պլանավորված նահանջ էր, կտեսնեք, թե ինչ հուժկու հարձակմամբ հետ կգրավեն, արևմտամետներն էլ կասեն՝ նույնիսկ ուկրաինական չկազմակերպված բանակն ինչպես է կարողանում հաղթել աշխարհի հզոր ձևացող բանակին։ Մենք պետք է կարողանանք վեր կանգնել այս երկու կործանարար դիսկուրսներից՝ ունենալով, մեղմ ասած, սահմանափակ տեղեկատվություն՝ անել վերջնական դոգմատիկ դատողություններ, այն էլ՝ բավականին խելոք դեմքով։

– Պարո՛ն Պետրոսյան, նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով կոչ է արվում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի նկատմամբ միջազգային իրավունքը խախտելու համար, որը ենթադրում է նաև հատուցումների վճարում։ Կարծում եք, այս բանաձևը կյանքի կկոչվի՞։

– Անկեղծ ասած, չեմ կարծում, թե դա իրականություն կդառնա, որովհետև նույնիսկ Ռուսաստանի կողմից Եվրախորհրդի ֆինանսավորումը՝ իր մասնաբաժնի տրամադրումը, չի կասեցվել, իսկ մենք գիտենք, թե Եվրախորհուրդն անգամ ինչ մեծ կախվածություն ունի ռուսական մասնաբաժնից։ Չեմ կարծում, թե այս որոշումն իրականում կկիրառվի, որովհետև սա կհանգեցնի այլ գործողությունների, ու նույն տրամաբանությամբ էլ կարող է ռուսական կողմը շատ ուրիշ այլ ռադիկալ քայլեր բերի, որը դուրս է իրավական նորմատիվ կարգավորումներից։ 

– Իսկ այս հակամարտությունն ի՞նչ հետևանքներ է ունենում տարածաշրջանում ընթացող իրադարձությունների վրա։

– Այս պահին ցանկացած անկայուն կամ տուրբուլենտ իրավիճակ Հայաստանի համար կարող է կործանարար լինել։ Եթե մենք ունենայինք կայացած ինստիտուտներ կամ պետականություն՝ որպես այդպիսին դասական իմաստով, մենք կարող էինք ցանկացած տուրբուլենտ իրավիճակից նոր քաղաքական դիվիդենտներ շահել կամ սպասարկել պետական շահը, բայց, ցավոք, երբ մենք չունենք այդ ամենը, միայն հետևանքի կրողն ենք լինելու, ու սա մեզ վրա միայն բացասական է ազդելու, եթե նույնիսկ ամենաբարենպաստ պայմանը ստեղծվի մեզ համար, որտեղ մեզանից հստակ գործողություն կակնկալվի, որտեղից կարող ենք սպասարկել մեր պետական շահը, նույնիսկ այդ ժամանակ մենք կարողունակ չենք լինելու դա անել։ 

Ցանկացած տուրբուլենտություն մշտապես ամենից շատ վնասում է այդ համակարգի մեջ գտնվող ամենաթույլ օղակին, իսկ այս համակարգի ամենաթույլ օղակը մենք ենք, հետևաբար ցանկացած փոփոխություն ամենացավոտը մեզ համար է լինելու։

– Պարո՛ն Պետրոսյան, իսկ երրորդ համաշխարհայինի կամ ավելի գլոբալ բախման հնարավորություն տեսնո՞ւմ եք։

– Չէ՛, ես դա հավանական չեմ համարում, որովհետև սա ոչ թե նոր աշխարհակարգի ձևավորում է, որի շուրջ պետք է լինի երրորդ համաշխարհային բախում, այլ հին աշխարհակարգի ամրապնդմանն ուղղված գործողություններ ու գործընթացներ են գնում։ Երրորդ համաշխարհայինի համար գլոբալ բևեռները պետք է խորապես ձևավորված լինեն, հիմա այդ ձևավորման փուլն է, որտեղ Արևմուտքն ամենևին էլ նպատակ չունի Ռուսաստանին վերացնելու, մասնատելու։ 

Ոչ միայն Ռուսաստանի թուլացման խնդիրն է դրված, այլ նաև գնում է Եվրամիության թուլացման խնդիրը, որն առաջնային կարևորություն ունի ԱՄՆ-ի համար, որովհետև եթե ժամանակին կար մեկ Արևմուտք, երկու Եվրոպա, ապա հիմա կա երկու Արևմուտք, մեկ Եվրոպա։ Երբ մենք ասում ենք Արևմուտք, բոլորը հարց են տալիս՝ Եվրոպայի՞ հետ եք, թե՞ ԱՄՆ-ի։ Իսկ սա լրջագույն սպառնալիք է հենց ԱՄՆ-ի համար, որովհետև Եվրոպան արդեն դիտարկվում է առանձին սուբյեկտ ու ցանկացած պահի կարող է իր առանձին արտաքին քաղաքականությունը ունենալ, և որպեսզի սա չլինի, պետք է մշտապես վերահսկողության տակ պահվի, իսկ դրա առաջին նախապայմանը մեծ կախվածություն ունենալն է։

Այդ մեծ կախվածությունը վերականգնելու համար Եվրոպայի պարագայում տնտեսական խնդիրներ ստեղծելն է, որտեղ առանց ԱՄՆ-ի այդ խնդիրները լուծել հնարավոր չի լինի։ Այսինքն՝ վերականգնվում է հին աշխարհակարգը, ու փորձում են ամրապնդել այդ նոր դիրքերը։ Այս վերականգնումից հետո, ավելի երկար ժամանակ անց, նոր կարող է գլոբալ հակամարտություն սկսվել չինական կողմի հետ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am