Ադրբեջանն ավելի ու ավելի հաճախ է խախտում հրադադարը.Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պատերազմը, կարծես, երբեք չի էլ ավարտվել

Ադրբեջանն ավելի ու ավելի հաճախ է խախտում հրադադարը.Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պատերազմը, կարծես, երբեք չի էլ ավարտվել

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին երեք շաբաթներում հաճախակի դարձած կրակոցները մարդկանց ավելի զգուշավոր են դարձրել՝ միաժամանակ մարտականորեն տրամադրելով:
Ապրիլի 25-ին ավելի քան կես ժամ գնդակոծվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղը, ընդ որում դիպուկ կրակոցներն ուղղված էին նաեւ գյուղի մանկապարտեզի կողմը, իսկ ապրիլի 27-ին Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել էր երեք հայ զինծառայողների մեքենան, ինչի հետեւանքով նրանք զոհվել էին:

 

Հայ-ադրբեջանական սահմանին մոտ Տավուշի մարզի մի շարք գյուղեր առհասարակ ադրբեջանական կողմի մշտական նշանառության տակ են ու հատկապես վերջին երկու ամիսներին այստեղ ավելի շատ են կրակոցներ լսվում:

Հայաստանի պետական սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա գտնվող Չինարի գյուղի 53-ամյա գյուղապետ Սամվել Սողոյանի բնորոշմամբ`պատերազմը փաստացի շարունակվում է:

«Գյուղի վրա միշտ են կրակում: 1992-ից մինչ այսօր մեզ մոտ հրադադար չի եղել: Խոշոր տրամաչափի գնդացիրներ են, որոնք ցանկացած տան վտանգ են սպառնում, գյուղատնտեսական նշանակության վարելահողերի ճնշող մեծամասնությունը հենց սահմանին է, մարդիկ չեն մշակում», – ասում է 1283 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը:

Կրակոցներին սովոր են նաեւ Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի 1100 բնակիչները: 47-ամյա Հակոբ Իսրայելյանն ասում է`կրակոցների հետքերը գյուղի տների տանիքների վրա են.

«Բոլորի տանիքներն անցքերով են: Ժողովուրդն այս կողմերում ապրում է ահ ու սարսափի մեջ: Մի քանի գիշեր է հանգիստ է, բայց դրանից առաջ Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ կապված ДШК-ով (խոշոր տրամաչափի գնդացիր) անընդհատ կրակում էին, համարյա բոլոր երեխեքին տեղափոխեցինք հարեւան գյուղերը»:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տվյալներով`ապրիլի 29-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում զինադադարի ռեժիմը խախտվել է 650 անգամ, որի հետեւանքով հայկական կողմի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց:

Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին պայմանագիրը կնքվել է դեռեւս 18 տարի առաջ`1994-ին, սակայն կրակոցները սահմանի երկու կողմերում չեն դադարել մինչ օրս: 1980-ականների վերջում սկսված պատերազմից հետո, ԼՂ հայերը անկախություն են հռչակել, ինչը չի ճանաչվել ոչ մի պետության կողմից:

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի «շփման գոտում» հաճախ են կրկնվում կրակոցները, եւ կողմերից յուրաքանչյուրը փորձում է մեղադրել հակառակորդին հրադադարի խախտման ու ռազմական գործողություններ հրահրելու մեջ:

Պաշտոնական Երեւանն, ի դեմս ՊՆ մամուլի քարտուղար Մուշեղ Աղեկյանի, եւս մեկ անգամ հայտարարում է, որ «հայկական կողմը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին ու պատասխան համարժեք գործողությունների դիմում միայն հակառակորդի կողմից ռեժիմի խախտման դեպքում»:

Հրադադարի ռեժիմի խախտումները խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաեւ մայիսի 9-ի`Շուշիի ազատագրման տոնի նախօրեին ու հենց այդ օրը հայաստանյան քաղաքական ու ռազմական փորձագետները պատահական չեն համարում:

Ապրիլի 27-ին, երբ ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով 3 հայ զինծառայողներ էին զոհվել, նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել էր, որ հայկական կողմի պատասխանը չի ուշանա.

«Թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգտվել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներից, եւ մտածի, թե մեր գլուխը խառն է ընտրություններով: Մենք ունենք ամուր բանակ եւ համապատասխան քայլերի կդիմենք»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր հերթին ընդգծում է, որ հրադադարի խախտումը հայկական կողմին ռազմական գործողություններ սկսելու չի դրդի.

«Նրանք [ադրբեջանական կողմը] եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ այն սկզբունքները, որի շուրջ մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, մասնավորապես, ուժի չկիրառման սկզբունքը, նրանք բազմիցս խախտել են: Սակայն նրանց այդ գործունեությունը երբեւէ ոչ մի օգուտ չի բերի, որովհետեւ մենք մեր հարաբերություններում միայն բանակցային գործընթաց ենք տեսնում»:

Ռազմական փորձագետ, անկախ հետազոտող Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով, կրակոցների հաճախացումը հասարակության վրա բացասական ազդեցություն թողնում է.

«Հայաստանում վերջին տարիներին զինադադարի ռեժիմի խախտման լուսաբանումը ավելի բաց ու թափանցիկ է դարձել, ինչը հաճախ անհանգստացնում է մարդկանց: Ադրբեջանական կողմը գիտի այդ մասին, հետեւաբար, շատացած կրակոցների մասին լսելով, մարդիկ կսկսեն վախենալ»:

«Ժողովրդին հանգստացնելու համար պետք է ասենք, որ ադրբեջանական կողմի կրակոցները արդյունավետություն չունեն, քանի որ մեծ հաշվով հարց չեն կարողանում լուծել: Մենք կարող ենք 10 անգամ ավելի կամ պակաս արձագանքել հրադադարի ռեժիմի խախտումներին, բայց կարեւորն այն է, որ կորուստներ չունենանք, որ պահի ազդեցությամբ պատերազմը չվերսկսվի», – հավելում է Հովհաննիսյանը:

Հայ-ադրբեջանական սահմանից 300 մետր հեռու գտնվող Մովսես գյուղում բնակվող ավելի քան 2000 մարդիկ գիտակցում են, որ կրակոցները իրենց վախեցնելու համար են: 42-ամյա Լենա Անդրեասյանին ոչինչ չի վախեցնում.

«Տղաս մեկ տարեկան էր`կրակում էին, հիմա տղաս 21 է, դեռ կրակում են, բայց մեկ է՝ գյուղը չենք լքելու, էս է մեր տունը: Երեք օր առաջ շատ ուժեղ կրակոցներ եղան, հետո, որ մերոնք պատասխան կրակ բացեցին, արդենք իրենք լռեցին: Վնասում են տների ապակիները, տանիքները: Հազարից մի տուն կլինի, որ վրան կրակոցների հետքեր չկան», – ասում է Անդրեասյանը:

«Երեկ գնացել եմ իմ խաղողի այգին, որ հենց ադրբեջանական դիրքերի դիմաց է գտնվում: Մեքենան շալակել եմ ու սրսկում արել: Ժողովուրդը անում է իր գործը ու իսկապես ամուր է կառչած իր հողին: Մենք մեր գյուղը մեր արյան գնով կպահենք», – հավելում է նա:

Գայանե Մկրտչյան, Սառա Խոջոյան

Կովկասյան լրատու # 642

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):