Ռուստամ Բադասյանը Հայաստանի համար ավելի հարմար է համարում մաքուր համամասնական ընտրակարգը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է, որ քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի առկայության պայմաններում, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որևէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բադասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե իշխանությունը ընտրություններին փոփոխված Ընտրական օրենսգրքով գնալու դիրքորոշում ունի՞ այս պահին:

«Մենք համապատասխան դիրքորոշումը կարտահայտենք: Բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե քաղաքական ուժերի շրջանում, թե քաղհասարակության դիրքորոշումը, թե մեր հանրության մեծամասնության դիրքորոշումը՝ իմ զգացողությամբ, այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: Իսկ մեր նման երկրի համար կարծում եմ, որ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է ու ավելի նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: Եվ այս մասով մենք քննարկումները շարունակում ենք»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ դրվել է Ընտրական օրենսգիրքը, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով: Բադասյանը կարծում է, որ մոտ օրերս լուծում կունենան: Խոսելով քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի մասին՝ նա ասաց.  «Կարծում եմ՝ այդ դեպքում, եթե փոփոխությունները տեղի ունենա հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով»:

Կուսակցությունների՝ խաղի կանոններին պատրաստվելու մասով նախարարը խնդիր չի տեսնում:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մինչև հունիսի 20-ը ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ Բադասյանն ասաց. «Տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ»:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո: