«Հուլիսին իր հետ զորակոչվածները կգան, ինքն էդպես էլ չի գա»․ որդու զոհվելուց հետո մայրն ասում է՝ թևերը կոտրվել են

42-ամյա Ջուլիետա Զաքարյանը հուզմունքով ասում է՝ 18-ամյա որդու զոհվելուց հետո կյանքը կանգ է առել, թևերը կոտրվել են․ «Իմ թևն ու թիկունքն էր Դավիթը, էլ առաջվանը չեմ, չեմ էլ դառնա»։

Ջուլիետայի որդին՝ Դավիթ Ղուլյանը, մոտ 2 ամսվա ժամկետային զինծառայող էր Հադրութում, երբ սկսվել է պատերազմը։ 

Դավիթի հայրը՝ 50-ամյա Հենզել Ղուլյանը, պատմում է, որ որդին մարտնչել է Հադրութում, այնուհետև, ըստ որդու ընկերների հաղորդած տեղեկության՝ Դավիթը կոնտուզիա է ստացել, ոչ ոքի չի ճանաչել, հետո սկսել է լավ զգալ և նորից վերադարձել մարտադաշտ:

«Հրամանատարն ասել ա՝ տեղափոխվում ենք, ինժեներական գործողություններ պետք ա անենք, բայց Դավիթը հրաժարվել ա գնալ, ասել ա՝ զենքը տվեք, իջնում եմ դիրքեր։ Գնացել ա, ու դեպքը եղել ա ամսի 30-ին»,- պատմում է հայրը։

«Գնդակը եկել, զինգրքույկը ծակել էր ու սիրտը մտել»,- հուզմունքը կոկորդում խեղդելով հավելում է հայրը։

Դավիթ Ղուլյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

Ծնողների խոսքով՝ իրենց Դավիթն առանձնահատուկ էր, բոլորից տարբերվում էր իր վարքով և բնավորությամբ։

«Եզակի մարդ էր, հավասարակշռված, հանգիստ, չափի մեջ, 18 տարվա մեջ էնպիսի բան չի արել, որ խոսենք իր վրա, որ մեծ տղայիս խրատել ենք, ինքն էլ լսել ա ու ոչ մի անգամ առիթ չի տվել, որ իրեն նկատողություն անենք»,- նշում է մայրը։

Հայրը պատմում է, որ որդու ձեռքից ամեն ինչ եկել է, կարող էր կենցաղային տեխնիկան քանդել նորոգել։ Մայրը պատմում է, որ տղան որևէ գործից չէր խորշում, ամեն ինչ անում էր:

«Ոչ մի անգամ չի ասել՝ իմ անելու գործ չի։ Բանվորի գործ էլ ա արել, փայտի հետ կապված էլ, Նոր տարվան ընդառաջ սալյուտ, չարազեղեն ա ծախել»,- հիշում է մայրն ու ասում, որ տղան պետք է բանակից գար ու իրենց բիզնեսում ներգրավվեր։

«Տորթի բիզնես ունեմ, միշտ ասում էի՝ կգաս, կզբաղվես, առաքումներ կանես, ասում էր՝ գնամ գամ, առաջ կտանենք, իմ հենարանն էր»,- նշում է Ջուլիետան:

Դավիթն ընկերասեր էր, հաճախ էր ժամանակն անցկացնում ընկերների հետ, ծնողներն ասում են՝ ընկերներն առանց Դավիթի անգամ հաց ուտելու չէին գնում։ Չնայած Դավիթը հաճախ լուռ էր, փակ, սակայն հումորով էր, կատակասեր։ «Կարող էր ոչինչ չասել, և հանկած մի խոսք ասեր ու բոլորին ծիծաղեցներ»,- ասում է մայրն ու նշում, որ տանն այլևս ոչ մի ուրախություն ու ծիծաղ չկա: 

Ղուլյաններն ասում են՝ չնայած գիտեն, որ որդին ողջ չէ, բայց ապրում են նրա մասին հուշերով, նրան ողջ պատկերացնելով ու նրա ներկայությունը զգալով:

«Տան ամեն անկյունում իրեն ենք տեսնում, իր շարժուձևը, ինքն էլ թիկնեղ էր, բարձրահասակ, աթլետիկ կազմվածք ուներ։ Մտածում ենք՝ էս ամենը չլիներ, ո՞նց կդասավորվեր իր կյանքը․․․»- ասում է ու լռում հայրը։

Դավիթի մայրը ասում է՝ օրերն անցնում են, բայց ցավը չի մեղմվում, ընդամենը մեկ ամսից որդին պետք է զորացրվեր։

«Հուլիսին իր հետ զորակոչվածները կգան, ինքն էդպես էլ չի գա։ Շատ ծանր է։

Գոյատևում ենք, չենք ապրում, ռոբոտի պես գործով զբաղվում ենք, որ չգժվենք»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am