Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

«Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներին:

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ ստեղծված իրավիճակում պատասխանատվության իր բաժինն ունի նաև ազգի վերնախավը՝ էլիտան, որը «ոչմիթիզականությունը դարձրել էր հայության ազգային դավանանքը»:

Լրագրողների հետ հանդիպմանը հարց հնչեց, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իրեն համարո՞ւմ է «ոչմիթիզականություն» սկզբունքը կրող: 

«Ես ցանկություն չունեմ մեկնաբանել ՀՀ առաջին նախագահի հայտարարությունները…Ես 10 տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ մեկ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը:

Այդ տասը տարվա ընթացքում բոլոր այդ առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք դրանք քննարկել: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք ղարաբաղյան հարցի լուծման բանալին Ռուսաստանո՞ւմ է, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ չի կարող բանալին մեկ տեղում լինել: Նման դիտարկումն, ըստ նրա, պարզունակ մեկնաբանություն է:

«Չի լինում այդպես: Կան կոնֆլիկտի կողմեր, եռանախագահություն, Ռուսաստան: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում հատկապես վերջին իրադարձությունների կտրվածքով:

Ամեն դեպքում, մտածել, որ բանալին մեկ տեղ է դրված, պարզապես չափից դուրս իրականությանը չհամապատասխանող պարզունակություն է»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը: