«Իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան».Վարդան Օսկանյան

«Իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան».Վարդան Օսկանյան
«Իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան».Վարդան Օսկանյան

Վարդան Օսկանյանի նոր գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարան էր մտել՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով:
«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում:
«Երկու Հայաստանների ակնհայտ տարբերությունը ինձ համար երեկ շատ կոնկրետ դրսևորում ունեցավ: Մեծ կոնտրաստ կար իշխանական լրատվամիջոցների կողմից Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ Հայաստանի ղեկավարների հանդիպման լուսաբանման և ժողովրդին ներկայացված բացարձակապես վարդագույն իրավիճակի և օրվա վերջում պարոն Ֆյուլեի հետ իմ հանդիպման տպավորությունների միջև:

Շտեֆան Ֆյուլեն երեկ երեկոյան հանդիպեց խորհրդարանական մի քանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իմ տպավորությունը այդ հանդիպումից (սա տպավորություն է, ոչ թե նա բառերով է ասել) այն էր, որ նրա մոտ մեծ հիասթափություն և հոռետեսություն կա Հայաստանի ներկայի և ապագայի նկատմամբ: Նա անդրադարձավ մի քանի հարցի, որոնք խիստ մտահոգիչ են մեր բոլորի համար:

Նախ, ասաց, որ ինքը և՛ նախագահին, և՛ վարչապետին հստակ ասել է, որ Հայաստանը դոնոր երկրների համաժողովի և դրա արդյունքում մինչև 1 մլրդ եվրո հնարավոր դրամաշնորհի մասին մինչև նախագահական ընտրություններ չպետք է հույս ունենա, իսկ համաժողովի անցկացումը մեծապես կախված կլինի նախագահական ընտրությունների անցկացման որակից:

Երկրորդ, բարեփոխումների նկատմամբ Հայաստանի իշխանությունների ներկայիս տրամադրվածությունը, պատրաստակամությունը և կարողությունը հաշվի առնելով՝ Հայաստանը չպետք է հույս ունենա, որ նույնիսկ մինչև 2013թ. վերջը կկարողանա Եվրոպական Միության հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը:

Ինչ խոսք, դոնորների համաժողովի արդյունքում ստացվելիք գումարը (որը ոչ թե վարկ է լինելու, այլ դրամաշնորհ) և ԵՄ անդամ երկրների հետ ազատ առևտրի և մարդկանց առավել ազատ տեղաշարժի հնարավորությունները անգնահատելի խթան կլինեին երկիրն այսօրվա տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար:

Սակայն, փաստորեն, իշխանությունները հանուն իրենց վերարտադրության կարող են զոհաբերել Հայաստանի ապագան, եթե այդ բարեփոխումները խանգարում են վերարտադրությանը:

Մենք նման իրավիճակի ականատես եղանք, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանում իրականացվելիք խոշորամասշտաբ ծրագրից»:

© Medialab.am