Մակրոնին հարվածած ֆրանսիացին դուրս է եկել բանտից

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակած տղամարդը երեք ամսվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Դամյեն Տարելը բանտից դուրս է եկել սեպտեմբերի 11-ին՝ ծրագրվածից երկու ժամ ավելի շուտ, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն մարդկանց կուտակումից, ովքեր կարող էին գալ՝ հանդիպելու նրա հետ:

Հունիսի 8-ին Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտ այցի ժամանակ Մակրոնը մոտեցել էր տեղացիների խմբին՝ նրանց ողջունելու նպատակով: Հավաքվածներից մեկն ինչ-որ բան էր բղավել և անսպասելի կերպով հարվածել նախագահի դեմքին: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել էին հարձակվողին ու նրա հանցակցին:

Հարձակումն իրականացրած անձը հունիսի 10-ին դատապարտվել էր 4 ամսվա ազատազրկման: Դատարանը վճռել էր նաև նրան 14 ամսվա պայմանական ազատազրկման դատապարտել և երեք տարով զրկել քաղաքացիական իրավունքներից: