Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել բավարար թվով թեկնածուների ցուցակ․ Արման Բաբաջանյան

Փաստերի ստուգման հարթակից հայտնում են․

Մի քանի լրատվական կայքեր մայիսի 26-ին գրել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել «Բաբաջանյան-Շիրինյան ժողովրդավարների դաշինքի» փաստաթղթերը՝ ընտրական ցուցակում թեկնածուների անհրաժեշտ քանակի պակասի պատճառով։

Մինչդեռ, նույն օրը ժամը 18:00-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել էր գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած 23 կուսակցության և 4 կուսակցությունների դաշինքների ցուցակը, որոնց թվում է նաև «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» քաղաքական ուժը։

Fip.am-ի հետ զրույցում դաշինքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նշեց, որ դաշինքը ԿԸՀ է ներկայացրել բավարար թվով թեկնածուների ցուցակ։ Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկված «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությանը, որի ղեկավարն է Լևոն Շիրինյանը, Բաբաջանյանն ասաց, որ դա տեխնիկական խնդիր է եղել, ԿԸՀ-ն գրանցման համար նիստ կհրավիրի, և այդ կուսակցության գրանցումը կչեղարկվի։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև մայիսի 31-ը: