Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են համագործակցության ծրագիր

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է պաշտոնական այցով մայիսի 29-ից Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:

Քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ Ստեփանակերտի պատվիրակության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ինչպես նաև Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների շիրիմներին:

 ***

 Երևանի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրվել է 2021-2023 թթ. համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների ղեկավարները: Այն հնարավորություն կտա փոխգործակցություն ծավալել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

 «Երևանն ու Ստեփանակերտը մշտապես համագործակցել են տարբեր բնագավառներում, և մենք ունեինք ծրագիր, որով շարժվում էինք առաջ: Ցավոք սրտի, եղավ պատերազմը և մեր ծրագրերը փոխվեցին: Հիմա շատ կարևոր է հետպատերազմյան իրավիճակում Ստեփանակերտի վերականգնումն ու մուտքը բնականոն կյանք:

Երևանը մշտապես եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին, մանավանդ այս դժվարին օրերին: Ստորագրված փաստաթուղթը փաստացի մեր առաջիկա տարիների համագործակցության ծրագրին է, դրանում տեղ են գտել երկու քաղաքների ավագանիների և ստորաբաժանումների ղեկավարների առաջարկները: Կսկսենք այսօր, կշարունակենք առաջիկա տարիներին և պե՛տք է վերականգնենք Ստեփանակերտը», – ընդգծել է Հայկ Մարությանը:

 «Պատերազմի դժվարին օրերին մենք միշտ ենք զգացել Երևանի աջակցությունը: Տեղյակ եք, որ ֆինանսական զգալի օգնություն է մեզ տրամադրվել և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին ու ավագանու անդամներին՝ նման որոշման համար: Այդ միջոցները տրամադրվել են ինչպես քաղաքի բնակիչներին, այնպես էլ ուղղվել են Ստեփանակերտի վերականգնմանը: Երկու քաղաքների միջև կնքված պայմանագրի նպատակը ևս համատեղ ջանքերով հայկական երկրորդ մայրաքաղաքի վերականգնումն է»,- նշել է Դավիթ Սարգսյանը:

 ***

 Որպես «Երևան-Ստեփանակերտ» թարմացված համագործակցության ծրագրերի մեկնարկ՝ մայիսի 30-ին Հանրապետության հրապարակին հարող Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը: Արցախյան շուրջ 30 ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ծանոթացել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Երկու քաղաքապետերը շրջել են տաղավարներում, զրուցել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այցելուները հնարավորություն ունեին համտեսելու, ինչպես նաև գնելու արցախյան սննդամթերք, խմիչք: Առանձին տաղավարներով ներկայացված էին նաև արցախյան հյուրանոցային ծառայությունները, գորգագործությունը, տեքստիլ արտադրությունը և ձեռագործ աշխատանքները: Արցախի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ: