Երևանի Հյուսիսային Պողոսայի սկզբնամասում բացվեց Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի հետհաշվարկն ազդարարող ժամացույցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամացույցի հետհաշվարկն ազդարարեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 51 օր:
«Մեր երկրին այս օրերին հաղթանակներ են պետք և այդ հաղթանակները կբերի նաև մեր օլիմպիական թիմը: ՀԱՕԿ նախագահի գլխավորությամբ փորձելու ենք անել ամեն հնարավոր բան: Այժմ թիմերը շարունակում են իրենց բնականոն նախապատրաստական փուլը»,-ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինիս խոսքով` հաջորդիվ կներկայացվի նաև օլիմպիական թիմի մարզական և պաշտոնական հագուստը:
Մինչ այս Հայաստանը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար նվաճել է 9 ուղեգիր` ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը: