Բաքուն շիրակցի 14 ռազմագերու նկատմամբ քրեական գործ է հարուցել․ Factor.am

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ երկրում պահվող հայ ռազմագերիների մասին, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարածված հաղորդագրությունում նշվում է, որ ավարտվել է շիրակցի գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը, որոնք, իբր, ահաբեկչական և այլ հանցավոր գործողություններ են իրականացրել Ադրբեջանի տարածքում։

«Ավարտվել է Պետական անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայության կողմից քրեական գործի նախաքննությունը 2020թ․ դեկտեմբերի 13-ին Պետական անվտանգության ծառայության հակահաբեկչական օպերացիայի արդյունքում հայկական զինված խմբերի անդամների նկատմամբ, որոնք 2020թ․ նոյեմբերի 10-ի Ադրբեջանի, Ռուաստանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության կնքումից հետո անօրինական ու գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և Հադրութ բնակավայրի հյուսիսարևմտյան հատվածում անտառում դիրք զբաղեցրել ու իրականացրել ահաբեկչական ու այլ գործողություններ Ադրբեջանի զինծառայողների ու խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ քրեական գործ է հարուցվել, ընդհանուր առմամբ, 14 հայ գերու նկատմամբ։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին,  ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։

8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը Գյումրիից։ Գերիների վերջին խումբը ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։