«Տեսչական մարմնի անպատասխանատու, ձևական գործունեությունը հանգեցրել է 16 մարդու մահվան, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն». փաստաբանը դիմել է վարչապետին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տնտեսական գործունեություն իրականացնող մի քանի անձինք պատրաստվում են ստորագրահավաք իրականացնել՝ դիմելու իրավապահ մարմիններին առևտրի կենտրոնի սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Փաստաբան Տիգրան Մուրադյանը, որը դեռևս 2021-ին նույն կենտրոնում հրդեհի հետևանքով տուժած ձեռնարկատերերից մեկի ներկայացուցիչն է, ասում է՝ տնտեսվարող սուբյեկտների մի մասը վճռական է տրամադրված սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկելու հարցում:

«Ես չգիտեմ՝ որքան աշխատող կմիանա այդ ստորագրահավաքին, բայց իմ վստահորդը ևս մասնակցելու է դրան: Նրանք վճռական են, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի նաև շուկան ղեկավարած անձի գործողություններին»,- «Մեդիալաբին» ասում է փաստաբան Տիգրան Մուրադյանը:

Նա չի ասում՝ ով է շուկայի կառավարիչը, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ «Սուրմալուի» սեփականատերը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ռազմիկ Զաքարյանն է: 16 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունից հետո նա լուռ է, չի երևացել դեպքի վայրում, հանրային հայտարարությամբ հանդես չի եկել, ներողություն չի խնդրել:

Բայց մինչ ստորագրահավաքի մասնակիցները կձևակերպեն իրենց պահանջը, փաստաբան Տիգրան Մուրադյանը արդեն դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել շուկայի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացրած ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուներին:

Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անցել է 13 օր, սակայն միայն երեկ՝ օգոստոսի 26-ին հայտարարվեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում չորս անձ է ձերբակալվել՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը և պահեստը շահագործող երեք անձինք։ Նրանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք), իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Տիգրան Մուրադյանն ասում է՝ օրեր առաջ կատարվածը 2021 թվականին տեղի ունեցած հրդեհից դասեր չքաղելն ու պետական մարմինների հանցավոր անգործության հետևանք է:

«Տեսչական մարմինը ցուցաբերել է անգործություն, ինչն արտահայտվել է նրանով, որ թույլ է տվել կամ հանդուրժել է այդ շուկայի գործունեությունը, հատկապես այն դեպքում, երբ հայտնաբերել էր բազում, բազմաթիվ խախտումներ: Այսինքն՝ եկել, արձանագրել է բազմաթիվ խախտումներ, որոնց պայմաններում շուկայի գործունեությունը անհնարին էր, բայց հանդուրժել է շուկայի գործունեությունը»,-ներկայացնում է փաստաբանը:

Ավելին, նա ասում է, որ «Ստուգումների մասին» օրենքով տեսչական մարմինը իրավունք չուներ ժամկետներ տրամադրել «Սուրմալուին» խախտումները վերացնելու համար. «Ստուգումների մասին» օրենքով տեսչական մարմինը կարող է հայտնաբերված խախտումը վերացնելու համար ժամկետ տրամադրել այն դեպքում, երբ այդ խախտումը նվազ նշանակություն ունի, այսինքն՝ մարդկանց կյանքին և առողջության համար վտանգ չներկայացնող: Բայց այն խախտումները, որոնց հայտնաբերման դեպքում քրեական, վարչական պատասխանատվություն է ենթադրվում, տեսչական մարմինը իրավունք չունի ժամկետ տրամադրել: Պետական այդ մարմինը պետք է անմիջապես կանգնեցներ այդ շուկայի գործունեությունը»:

Մինչդեռ հայտնի է, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2021-ի մարտին ստուգել և «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերել է «հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավելի տարբեր բնույթի խախտումներ»: Այս խախտումների համար շուկայի ղեկավարությունը տուգանվել է ընդամենը 50 հազար դրամով և վերջ: 1.5 տարի առևտրի կենտրոնում հավելյալ ստուգումներ չեն իրականացվել, իսկ օգոստոսի 14-ին տեղի է ունենում ողբերգական դեպքը:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս.  2021 թվականին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած տնտեսվարողների ներկայացուցիչները դիմել են Երևան քաղաքի դատախազին, որպեսզի դատախազը միջոցներ ձեռնարկի շուկայի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Սակայն դատախազն էլ իր հերթին է անգործություն ցուցաբերում և միայն այս տարվա պայթյունից հետո է միջնորդությամբ դիմում տեսչական մարմին:

«Երևան քաղաքի դատախազի դիմումն ուշացված է: Աղետալի հետևանքը եղավ, նոր հասկացան, որ պետք է դիմեն: 2021-ին տեղի ունեցած պայթյունից հետո մենք դիմել էինք, բայց մեր դիմումն անտեսվեց:

Ստեղծված պայմաններում մենք համարում ենք, որ տեսչական մարմնի գործողությունները ձևական են եղել, և տեսչական մարմնի պատասխանատու անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, քրեաիրավական գնահատական պետք է տրվի նրանց վարքագծին: Ես դրական սպասումներ ունեմ վարչապետին և գլխավոր դատախազին ուղղված մի դիմումներից»,- ասում է փաստաբանը:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել էր, այդ թվում՝ հղի կին և 5 տարեկան երեխա: 60-ից ավելի քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել: Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am