Ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ:

Պաշտպանի աշխատակազմի հրատապ փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են սկսեկ ցերեկը ժամը 12:30-ից 13-ի սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և ջուր խմել:

Դա նրանց ջուր խմելու մշտական վայրն է: Ընդ որում, հովիվը, ինչպես նաև կենդանիները գտնվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն այն հատվածում, որ ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք:

Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե:

Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է:

Արդյունքում, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են:

Կութ գյուղի հովիվի ուղղությամբ հունիսի 5-ին ադրբեջանական զինված ուժերի կրակելու փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: