Վրաստան-Հայաստան երկաթուղին վերսկսում է գործել. առաջին գնացքը` հունիսի 15-ին

Երեւան-Թբիլիսի-Բաթումի երթուղով մարդատար գնացքները կսկսեն սպասարկել հունիսի 15-ից, հայտնում է Ալիք Մեդիան։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։

«Սա նշանակում է` մեր հարևան և գործընկեր  երկրից, ավանդույթի համաձայն, զբոսաշրջիկներ կժամանեն, կայցելեն մեր երկիր, կլինեն մեր սևծովյան ափերին, մայրաքաղաքում, զբոսաշրջային այլ վայրերում», — ասել է Թուրնավան։ Ըստ նրա` արդեն երևում են առաջին պտուղները, ինչ Վրաստանը բացել է ցամաքային ուղիները. հարևան երկրներից  ուղևորահոսքն ավելացել է։

Հիշեցնենք` Վրաստանի ցամաքային սահմանը հատել հնարավոր է` պատվաստման ամբողջական կուրս անցնելուց հետո` PCR թեստի բացասական պատասխանով։ Չպատվաստված հյուրերն այցի երրորդ օրը պարտավոր են  իրենց հաշվին կրկնակի թեստավորվել, հակառակ դեպքում 2000 լարի տուգանք է սպառնում։

Վրաստանի իշխանությունները գտնում են, որ սահմանների բացումն ու պատվաստման գործընթացի ակտիվացումը, նաև մնացած սահմանափակումների չեղարկումը  կօգնեն վերականգնել զբոսաշրջությունն ու ամառային սեզոնին ուղևորահոսքը 45%-ով կավելանա։