Ուսանողներն այլևս ակտիվ չեն, եթե համեմատում ենք մյուս երկրների հետ, սա շատ վատ է, որովհետև ուսանողությունն այլևս պահանջատեր չէ. Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրն էր, այդ առիթով կոչեր ու շնորհավորանքներ եղան: Կխնդրեմ խոսեք օրվա խորհրդի ու նաև այսօրվա հայ ուսանողության մասին:

– Ուսանողության օրը, սովորաբար, ուսանողներն են ավելի ակտիվ լինում ու նշում, քանի որ օրը հենց կապված է ուսանողների ցույցերի, ընդվզումների հետ, իսկ գիտեք, որ ուսանողները ըստ էության հասարակության ամենաառաջադեմ խավն են ներկայացնում, որովհետև յուրաքանչյուր փոփոխություն, որ հասարակության մեջ գալիս է, երիտասարդությունից է, ու հենց առաջին շարքերում ուսանողությունն է: 

Ցավոք սրտի, Հայաստանում ուսանողության մեջքը կոտրված է. ուսանող լինել նշանակում է կրթվել, սոցիալականացվել, որպեսզի հետո կարողանալ լավ քաղաքացի լինել, իսկ փոփոխությունները, որ Հայաստանում կատարվեցին, բերեցին նրան, որ կրթվելն ու սոցիալականացվելը Հայաստանում այլևս այնքան էլ կարևոր նշանակություն չունեն: Սա բերել է նրան, որ ուսանողների ակտիվությունն այդքան բարձր չէ, եթե համեմատում ենք մյուս երկրների հետ, սա շատ վատ է, որովհետև ուսանողությունն այլևս պահանջատեր չէ: 

Մյուս բացասական կողմը, որ այսօրվա ուսանողության շրջանում կարելի է նկատել, այն է, որ ուսանողների շատ քիչ մասն է ընդգրկված է որոշակի նախաձեռնություններում՝ կլինի ներբուհական թե միջբուհական: 

10-15 տարի առաջ Հայաստանում ուսանողությունը միավորված էր, ու Հայաստանի ուսանողական ասոցիացիան ընդգրկված էր Միջազգային ուսանողական ասոցիացիայի մեջ էր, եթե չեմ սխալվում՝ մինչև փոխնախագահի կարգավիճակ է ունեցել: Դա հնարավորություն էր տալիս հայ ուսանողներին բարձրաձայնելու իրենց խնդիրները գլոբալ մակարդակով ու մասը կազմել համաշխարհային ուսանողական շարժման: Հիմա անկազմակերպվածության մակարդակն այնքան է Հայաստանում, որ մենք ոչ միայն ազդեցություն չունենք համաշխարհային գործընթացների վրա, այլև նույնիսկ մասնակցություն չունենք: 

Գիտելիքների առումով էլ այնպես չէ, որ հիմա ուսանողներն աչքի են ընկնում, որովհետև բուհ ընդունվելը դարձել է շատ հեշտ, մրցակցությունը նվազել է, ու դու կարող ես ոչ շատ բարձր գիտելիքների պարագայում անգամ բուհ ընդունվել, ինչը ևս ազդում է ուսանողների ակտիվության ու կրթական ցենզի վրա:

– Ձեր նշած խնդիրների պատճառը միայն ուսանողների անտարբեր լինե՞լն է, թե՞ կան օբյեկտիվ այլ պատճառներ, որոնք կերտել են այսօրվա ուսանողությանը:

– Պատճառներ իհարկե կան: Ուսանողության մոտ էլի կան ձգտումներ, այսօր դրսում կրթությունը շարունակելու հնարավորություններն ավելի շատ են, և որոշ ուսանողներ օգտվում են դրանցից: Ուղղակի այս ամբողջը լինում է անհատական մակարդակում, իսկ դա նշանակում է, որ ուսանողության՝ որպես խավի մասին խոսելիս չենք կարող ասել: Անհատ ուսանողների մասին, այո՛, որոշակի ձեռքբերումներ կարող ենք արձանագրել, տեսնել, բայց ուսանողությունը՝ որպես խավ, ըստ էության, չունի որևէ ձեռքբերում Հայաստանում: 

Ուսանողներն ունեն սոցիալական, քաղաքական իրավունքներ, դրանք պաշտպանվա՞ծ են, թե՞ չէ, ցավոք սրտի, այդպիսի բաներ մենք այժմ չենք տեսնում: Ժամանակին, երբ ես էի ուսանող, մենք ուսանողական շարժումներ ենք նախաձեռնել, 15 հազար ուսանող ենք դուրս եկել փողոց, ու արդյունքում ուսանողները ստացել են զեղչեր: Այն ժամանակ կիրառում էին տրանսպորտային զեղչեր, հանրակացարանների, ճաշարաններից օգտվելու հարց էր բարձրաձայնվում, այսօր ես չեմ տեսնում, որ ուսանողները կարող են բոլորին հուզող հարցեր բարձրաձայնել, որը, վերջին հաշվով, բերում է երկրի զարգացմանը:

– Այսինքն՝ պետությանը պետք չե՞ն պահանջատեր ուսանողներ, հետագայում՝ քաղաքացիներ, եթե շատ ավելի լայն դիտարկենք հարցը, որ չեն խթանում նման սերունդ ունենալը:

– Պետությունը չի խթանում, նույնիսկ կարելի է ասել ընդհակառակը, օրինակ՝ մեր ժամանակվա ուսանողական բողոքների, հուզումների արդյունքում օրենքում փոփոխություն եղավ, և ուսանողությունը յուրաքանչյուր բուհի գիտական կամ ակադեմիական խորհրդում ներկայացված էր առնվազն 25 տոկոսով: Դա որոշում կայացնողների մեկ քառորդն էր կազմում, ինչը շատ ներկայանալի թիվ էր, ու այդ ժամանակ ուսանողների հետ հաշվի էին նստում: 

Հիմա թեև մնացել է այդ օրենքը գործող, ավելի շատ ձևական բնույթ ունի, որովհետև ուսանողները, որոնք ներկայացված են, չեն լուծում իրենց հարցերը, նրանք դարձել են ադմինիստրացիայի կցորդը ու այնտեղ նույնիսկ իրենց ներկայացուցիչներին չեն առաջադրում, այլ՝ «վերևից» են նշանակում, թե որ ուսանողը տվյալ բուհի գիտական կամ ակադեմիական խորհրդում ներկայացված կլինի, որ անհրաժեշտության դեպքում քվեարկի ռեկտորի օգտին, ինչն անթույլատրելի է: Պետությունն ու բուհերի ադմինստրացիան չեն խրախուսում ուսանողների ակտիվությունը, որովհետև ձեռնտու է, իրենց համար գլխացավանք չեն ստեղծում: 

– Իսկ նման մոտեցումը արժեհամակարգի՞ խնդիր է, պարո՛ն Մխիթարյան:

– Արժեհամակարգը փոփոխության մեջ է ու փոխվում է վատ ուղղությամբ, որովհետև ինչպե՛ս կարող է ուսանողն անհաղորդ մնա այնպիսի իրավիճակին, ինչպիսին Հայաստանում է, Արցախի իրավիճակը: Մենք ուսանողության ձայնը հասարակական ոչ մի ոլորտում չենք տեսնում, ցավոք սրտի, սա բերել է նրան, որ ուսանողների մոտ ևս խրախուսվում է անհատականացումը, ուսանողներից յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին, կարևոր չէ, թե շրջապատում ինչ կլինի, կարևորը՝ իր համար լավ լինի: Ոչ ոք չի մտածում, որ անհատական մակարդակով ապագան չի կարող լավ լինել, եթե ամբողջ սոցիալական խավի համար լավ չլինի:

– Այսինքն՝ արժեհամակարգի փոփոխությո՞ւն է անհրաժեշտ:

– Որպեսզի փոփոխություն ունենանք, պետք է նախ պետական քաղաքականությունը փոխվի այս ուղղությամբ, այն պետք է խրախուսի ուսանողների նախաձեռնությունները, չի կարող թելադրել, պետք է անհրաժեշտ միջոցներ տրամադրի, որպեսզի ուսանողները կարողանան իրենց մտքերն իրականություն դարձնել, ինչպես արտերկրի բուհերում է: Այնտեղ ուսանողները լրիվ ինքնակարգավորվող են, բուհի ադմինիստրացիան նրանց հատկացնում է անհրաժեշտ միջոցներ, ու նրանք որևէ ձևով ուսանողներին չեն ենթարկում ճնշման: Հայաստանում մենք չենք տեսնում նման բան: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am