Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների համագործակցությամբ հայտնաբերվել է հերթական ապօրինաշինությունը:
Գարեգին Նժդեհի 23/4 հասցեում՝ Շենգավիթի վարչական դատարանի դիմացի հատվածում, սեփական հողատարածքի վրա քաղաքացին նախաձեռնել էր կառուցապատում՝ չունենալով շինարարության թույլտվություն: Ընդ որում՝ տարածքը պաստառապատվել էր՝ ինքնակամ կառուցապատումը քողարկելու նպատակով:
Ապօրինաշինության հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները նախ կասեցվել, հետո նաև դադարեցվել են: Տարածքի սեփականատերը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից տարածքում սահմանվել է հսկողություն: Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է՝ զերծ մնալ հողազավթման կամ ապօրինի շինարարություն նախաձեռնելուց: Ցանկացած նման դեպք ենթակա է կասեցման՝ համապատասխան վարչարարության կիրառմամբ: