Բաքվում շարունակվում է հայ գերիների Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստում, որն ընթանում է ռազմական դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ, տուժողները ցուցմունք են տալիս։

Նշենք, որ Բաքուն հայ գերիներին մեղադրում է, իբր, Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիների խոշտանգելու և այլ հանցագործությունների կատարելու մեջ։ Հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, ևս մեկ դատական նիստ էլ՝ հունիսի 9-ին։

Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն Ադրբեջանում պահվող հայ որոշ ռազմագերիների նկատմամբ հարուցել է շինծու քրեական գործեր, ապօրինաբար պահում է ու հրաժարվում վերադարձնել Հայաստան։ Մեկ այլ ռազմագերու՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել։

Աղբյուր՝ Factor.am