Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը․ խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երեւանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։

Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հուսով ենք, իրավապահները արժանի գնահատական կտան բազմավաստակ պատգամավորի հայտարարությանը՝ մասնավորապես, քննելով նաեւ սուտ մատնության հանգամանքը։ Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն եւ հնարավորինս խիստ պատիժ կրեն։

Ի միջիայլոց, օգտվելով առիթից հույս հայտնենք, որ կբացահայտվեն նաեւ վերջերս հաճախակիացած՝ աղբամանների այրման դեպքերը։ Կարծում ենք, որեւէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները եւ պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին։

Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ բամբասանքներ տարածելուց։ Երեւանի քաղաքապետարանը եւ ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։