Ինչպես կազմակերպել աշխատանքը բարձր ջերմաստիճանային պայմաններում

Առողջապահության նախարարության խորհուրդները՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման համար

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:

Այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում, առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին.
✅ աշխատողներին տրամադրել հովանալու և հանգստանալու հնարավորություն,
✅ ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն,
✅ ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,
✅ բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի կատարումը, հատկապես առավել ծանր և լարված, նախատեսել օրվա զով ժամերին, և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին: