Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ. ԱԻՆ պաշտոնյա

Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր։ Օգնե՛ք ձեր զավակներին, ծերերին և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ։ Այդ մասին այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:

ԱԻՆ պաշտոնյան հիշեցրեց քաղպաշտպանության ազդանշանները և դրանցով պաշտպանվելու կանոնները, որոնք հիմնականում երկուսն են՝  օդային տագնապ՝ ուշադրություն բոլորին, օդային տագնապի ավարտ։

«Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ», -ընդգծեց Սնգրյանը։

Պաշտոնյան ասաց նաև՝ պաշտպանական կառույցներ են՝ նկուղը, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը, ստորգետնյա կառույցները, ստորգետնյա ավտոկայանատեղիները, ինչպես նաև կախված տեղանքից՝ ջրատարը, խորացված այլ կառույցները, խորշերը։