«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանի նախագահը տեղական լրատվամիջոցներին ծավալուն հարցազրույց է տվել, որի ընթացքում բացահայտ կոշտ հռետորաբանությամբ սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին: ՀՀ վարչապետը պատասխանել է Իլհամ Ալիևի այդ հայտարարություններին, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի պատասխանը:
– Նիկոլ Փաշինյանի թվացյալ զուսպ ու կառուցողական պատասխանը բնավ էլ պատասխան չէր Ալիևի սպառնալիքներին, իմ դիտարկմամբ՝ դա Ադրբեջանի նախագահի հոգեվիճակը վերլուծելու չստացված փորձ էր: Մեծ հաշվով, այդ հերթական անհեթեթ համեմատությունները, որ եթե Ադրբեջանը նման ընկալում ունի, մենք էլ իրենց մասին ունենք, չգիտեմ՝ Ադրբեջանն ինչ ընկալում կարող է ունենալ, բայց Հայաստանի ընկալումները հենված են հստակ փաստերի վրա, ու դրանք զուտ ընկալումներ չեն, կան բազմաթիվ զեկույցներ, ընդ որում՝ միջազգային զեկույցներ, թե ինչպես է Ադրբեջանը տասնամյակներ շարունակ պետական մակարդակով հայ ժողովրդի դեմ ատելություն քարոզել: Եթե Նիկոլ Փաշինյանը մոռացել է Ռամիլ Սաֆարովի դեպքը, բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և այլ վայրագություններ ու, ի վերջո, Արցախում տեղի ունեցածը հենց այդ քարոզչության հետևանք է, ապա ճիշտ կանի հիշողությունը թարմացնի, եթե զուտ հիշողությունն է խնդիրը:
Ի զարմանս ու հուրախություն ինձ՝ որոշակի ուղերձներ հնչեցին ՀՀ արտգործնախարարի կողմից, որոնք ավելի կարևոր էին, մասնավորապես այն, ինչի մասին շարունակ խոսում ենք, որ պետք է հստակ ցույց տալ, որ Ադրբեջանի նետած թեզերը տարածքային հավակնություններ ու ագրեսիվ տրամադրություններ պարունակող հստակ ծրագրեր են, ու դրանց պետք է հստակ գնահատականներ տալ, ներկայացնել միջազգային գործընկերներին ու դրա հետ կապված նաև պահանջել կանխարգելիչ քայլեր: Այս աշխատանքն է, որ պետք է տարվի:
– Իսկ տարվո՞ւմ է:
– Եթե այդ աշխատանքը տարվեր, ապա երեկ Ալիևը այս ելույթը չէր ունենա, փաստացի այդ աշխատանքը չի տարվել, ընդհակառակը՝ որդեգրվել է չնայելու, չնկատելու քաղաքականություն, ու դրա միջոցով իբրև վտանգը հեռացնել, բայց վտանգը մոտեցել է:
– Համարժեք պատասխանը ո՞րը պետք է լիներ այդ սպառնալիքներին:
– Համարժեք պատասխանը քաղաքական գնահատականն է. Ադրբեջանը իր այս հայտարարություններով, ընդ որում, այո՛, մենք քննարկում ենք Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքները, բայց երեքժամանոց այդ ելույթում սպառնալիքներ հնչել են Ֆրանսիայի հասցեին, բավականին հեգնական ու տհաճ արտահայտություններ հնչել են Կանադայի հասցեին, ԱՄՆ-ի հասցեին են հնչել ընդգծված վիրավորական հայտարարություններ, Իրանին սադրող հայտարարություններ են հնչել: Այսինքն՝ Ալիևը բազմաթիվ երկրների հետ կապված հնչեցրել է բավականին խնդրահարույց հայտարարություններ:
Նորմալ աշխատանքի դեպքում այդ ամբողջը կարելի է հավաքագրել, որովհետև այդ ամենի առյուծի բաժինն մերն է, ու առաջին թիրախը մենք ենք ու աշխատել այն բոլոր կողմերի հետ, որոնց Ադրբեջանն այսօր թիրախ է դարձրել իր քաղաքականության ու քարոզչության մեջ: Վստահեցնում եմ, որ եթե այս տրամաբանության մեջ մենք աշխատենք, շատ խնդիրներ կկարողանանք լուծել, որովհետև մենք հիմա խնդիր չունենք գնալ այս կամ այն քաղաքում ապացուցել, որ Ալիևը մեր դեմ ատելություն ու սպառնալիքներ է հնչեցնում, որովհետև այդ ամենի որոշակի հատված հնչեցնում է նաև իրենց հետ կապված ու բավականին բաց տեքստով, ուղղակի պետք է աշխատել բավականին կազմակերպված ու տրամաբանված:
– Տիկի՛ն Հայրապետյան, ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է Ալիևը այսչափ կոշտ հռետորաբանություն որդեգրել:
– Ալիևն առնվազն վերջին երկու տարիներին հստակ հունվարի 10-ին նման ելույթ է ունենում՝ բավականին կոշտ հայտարարություններ է անում ու հետո ստուգում արձագանքները: Տարին մեկնարկում է այդպես, հետո հասկանում է, թե որտեղից ինչ արձագանք եկավ ու ըստ այդմ իր գործողությունները մշակում է: Անցած տարվա հուվարի 10-ին էլ է ելույթ ունեցել, դրանից առաջ էլ, երբ ԼՂ-ում դեռ հայեր էին ապրում, նույն Լաչինի հետ կապված հնչեցրեց հայտնի արտահայտությունը՝ «Եթե չեն ուզում՝ թող հենց հիմա դուրս գան»: Այսինքն՝ ամեն տարվա այդ շրջանում ինքը հստակ ձևաչափով հայտարարություններ է հնչեցնում ու ըստ արձագանքների իր անելիքները որոշում է: Բնականաբար, այս տարին էլ բացառություն չէ:
Ինչ վերաբերում է նրա ագրեսիվությանը՝ կարծում եմ, այդ հարցի պատասխանն ունի մի քանի բաղադրիչ, նա հոյակապ հասկանում է, որ իր գործողությունները, ուժի, ուժի սպառնալիքի քաղաքականությունը իրականում բավականին վտանգավոր են ու չեն կարող անվերջ շարունակվել, ուղղակի նա այդ ամենը կարողանում է մարսել գերազանցապես Հայաստանի իշխանությունների վարած անատամ ու խեղճ քաղաքականության շնորհիվ:
Ուշագրավ է նաև այն, որ Ալիևն իր ելույթում ասաց, որ «չկան թույլ պետություններ, կան թույլ ղեկավարներ», ինչն իրականություն է: Մեծ հաշվով, Ալիևը հրաշալի հասկանում է, որ բազմաթիվ տեղերից եկող ազդակները իր համար մեծ խնդիրներ են, եթե ուշադրություն դարձնեք, նրա մոտ կարմիր թելի պես անցնում է վախը՝ միջազգային ֆինանսավորումների, ծրագրերի հետ կապված: Այսինքն՝ նա խոսում է այն մասին, որ Ադրբեջանում այլընտրանքային կարծիք չի կարող ձևավորվել, ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհում ընթացող այդ փոփոխությունները նա դիտում է կարևոր սպառնալիք իր բռնապետական վարչակազմին ու չի ցանկանում, որ այլ գաղափարներ, մտքեր, քննարկումներ ծավալվեն: Դրանով նա փակում է խաղաղության մասին քննարկումները ու ցույց է տալիս նաև իր բռնապետական վարչակարգի համար իր վախերը: Ալիևը փորձում է Հայաստանի համար ստեղծել արևմտյան ինչ-որ «հովանավորների» ու նրանց դեմ էլ է պատերազմ հայտարարում՝ առնվազն քարոզչական առումով:
– Տրամադրությունները ստուգելու նպատակո՞վ է նաև հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի ու բացվելու է»:
– Այո՛, բայց ոչ միայն: Երկար ժամանակ Ադրբեջանից այդ մասով հայտարարություններ չէին հնչում, դրանք հնչում էին թուրքական կողմից, բնականաբար, Թրամփի իշխանության գալը, վարչակազմի փոփոխությունը ու դրա հետ կապված նաև Իրանի շուրջ հնարավոր ռիսկերի աճը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը փորձում է հասկանալ տրամադրություններն ու ըստ այդմ գործողություններ անել:
Ուզում եմ ասել, որ նախորդ օրերին ադրբեջանցի մի պատգամավոր ուշագրավ հայտարարություն էր արել Իրանի հետ կապված, նա մասնավորապես նշել էր, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի Իրանում հնարավոր զարգացումների ծավալմանը, հավելելով՝ «միգուցե Իլհամ Ալիևի ուսերին մեկ այլ կարևոր պատմական առաքելություն է ընկած այդ կոնտեքստում», նկատի ունենալով Իրանի դեմ հնարավոր քայլեր, գործողություններ ու ռիսկեր: Ուզում եմ ասել, որ այդ աշխարհաքաղաքական փոխդասավորումներն են նաև Ալիևին հնարավորություններ տալիս նման հայտարարություններ անելու և տրամադրություններ ստուգելու:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am