«Սոցիալական բունտ է սպասվում, քանի որ Հայաստանում մարդիկ սովորաբար օրվա աշխատածն այդ օրը ծախսում են». Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարո՛ն Զորիկյան, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը վերջին օրերին աճում են։ Առողջապահության համակարգի պատասխանատուները հայտարարում են, որ բուժհաստատություններում տեղերը սպառվում են։ Սպասելի՞ էր այս իրավիճակը, ինչի՞ հետևանք է այն։

– Կարծում եմ՝ ուղղակի փաստը պետք է գրանցենք, որ դա կատարվել է։ Ես չգիտեմ, թե իտալացիները այն ժամանակ, երբ այդ ծայրահեղ վիճակում էին, մեղադրո՞ւմ էին իրենց, թե ինչը սխալ արեցին, ոնց պետք է անեին։

Մի կողմից մտածում եմ՝ քանի որ մենք առաջինը չէինք, մինչև հերթը մեզ հասավ, աշխարհը պետք է արդեն ինչ-որ քայլեր մշակած լիներ։ Բայց փաստացի այսօր էլ մի օր մի բան են ասում, մի քանի օր հետո՝ ուրիշ բան։ Այսինքն՝ ընթացքում այդ վիրուսի հետ կապված նոր բան են հայտնաբերում, ինչ-որ խորհուրդներ են տալիս։

Սոցիալական ցանցերում քննարկումներին հետևելով՝ հասկանում ենք, որ շատերը չեն էլ հավատում այդ թվերին։ Բայց ես հավատացնում եմ, որ մի քանի օր առաջ համոզվել եմ, որ առողջապահության համակարգը գերբեռնված է։

Եթե նախկինում շտապօգնության մեքենա էի կանչում, 7-12 րոպեում էր գալիս, հիմա՝ 30-40 րոպեում։ Իսկ ինչո՞ւ, որովհետև կորոնավիրուսով պայմանավորված կանչերի հետևանքով համակարգը ծանրաբեռնված է։ Հիվանդանոցները ծանրաբեռնվել են, և բոլոր այն մարդիկ, որոնք կյանքի բերումով առնչվում են համակարգին, հասկանում են, որ վարակվածության թվերը նորմալ ու ռեալ են։

– Այս պայմաններում կառավարության անդամները պետք է հայտարարե՞ն, որ հիվանդանոցներում տեղ չկա, թե՞ պետք է փորձեն ուժեղացնել համակարգն ու տեղեր ավելացնել։

– Ե՛վ այն պետք է անեն, և՛ մյուսը։ Առաջին հարցն այն է՝ արդյոք պե՞տք է ժողովրդին ճշմարտությունն ասել։ Իհարկե պետք է, որպեսզի մենք պատրաստ լինեն, իմանանք, որ մեզ նման վտանգ է սպառնում։

Բայց իրավիճակը բացատրելուց, մարդկանց տեղեկացնելուց հետո կառավարությունն ու համապատասխան մարմինները չպետք է ձեռքերը ծալեն ու նստեն։ Ես չգիտեմ, թե նրանք հիմա ինչ աշխատանքներ են տանում, նոր հարկաբաժիննե՞ր են կառուցում, թե՞ հիվանդանոցները համապատասխանեցնում են կորոնավիրուսով վարակակիրներին սպասարկելու համար։

– Արդեն մի քանի օր է՝ վարչապետն իր Ֆեյսբուքի էջում հրապարակում է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք փաստում են, որ մարդիկ չեն պահպանում անվտանգության կանոնները։ Դա նաև փողոցում ու ամենուր ենք տեսնում, ինչո՞ւ է այդպես։

– Երբ ես դուրս եմ գալիս փողոց, տեսնում եմ, որ մարդիկ կանոնները պահպանում են։ Այսօր նույնիսկ կասեի՝ 100 տոկոսի էր հասնում փողոցում դիմակ կրելը։ Ոչ բոլորն են ձեռնոցներով, բայց դիմակ կրում են։ Երևի հաստատված դեպքերի թվերից ելնելով են եզրակացություն կատարում, որ մեր ժողովուրդը չի պահպանում կանոնները։ Այսինքն՝ տրամաբանությունը հետևյալն է՝ եթե կանոնները պահեին, թվերը պետք է նվազեին։

– Այդ դեպքում ինչո՞ւ են աճում թվերը, եթե, ինչպես դուք եք ասում, մարդիկ պահպանում են կանոնները։

– Գուցե այդ դիմակների օգտագործման ձևը ճիշտ չէ։ Այսինքն՝ գուցե մարդը մեկ ամիս է՝ նույն դիմակն է կրում, հանում ծալում ու դնում է գրպանը, հետո նորից կրում։

Երբ վարչապետն իր Ֆեյսբուքի էջին հրապարակում է փաստեր այն մասին, որ մարդիկ կանոնները չեն պահպանում, ի՞նչ նպատակ է հետապնդում՝ մարդկանց սթափեցնո՞ւմ է, թե՞ կառավարությունը նման քայլերով ու հայտարարություններով փորձում է նաև մարդկանց վրա դնել ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը։

Ի վերջո, դեռ երկու ամիս առաջ էր բարձրաձայնվում այն մասին, որ մարդիկ պատշաճ չեն պահպանում արտակարգ դրության կանոնները։ Ինչո՞ւ այն ժամանակ վերահսկողությունը խիստ չէր։

– Իհարկե, նախքան թվերը շատանալը նախապես վերահսկելը ճիշտ էր, որովհետև կանխատեսելի էր, որ աճ է լինելու։ Մեր աչքի առաջ էր Իտալիայի, մի քանի այլ երկրների օրինակը։

Բայց փաստացի ի՞նչ է կատարվում՝ տվյալը գալիս է, որ շատացել է, արձագանքը՝ ավելի խստացնել։ Չի բացառվում, որ մի քանի օր հետո այս պիկը կանցնի, տվյալները կսկսեն նվազել, և, իհարկե, պետք է թուլացնեն խստացումները։

Ի վերջո առաջին շահագրգիռ մարմինը հենց կառավարությունն է, որ տնտեսությունը աշխատի, քանի որ բյուջեն դատարկվում է։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, որ ակումբներ ունեին, հիմա փակել են, որովհետև երկու ամիս է՝ հաճախորդ չունեն, բայց տարածքները վարձակալում են, իսկ տարածքի տերն ասում է՝ վարձը տվեք։

Այսինքն՝ սոցիալ-տնտեսական խնդիրներն առաջիկայում ավելի՞ են սրվելու։

– Այո՛։ Օրինակ՝ այն ակումբում, որտեղ ամեն ուրբաթ հավաքվում էինք մենք՝ հեղինակային երգի կատարողները, 20-25 աշխատակից կար։ Դե պատկերացրեք՝ մեկ նման օբյեկտ փակվելու դեպքում մոտ 25 հոգի գործազուրկ է դառնում։

Ես ընկերներ ունեմ, ովքեր Վերնիսաժում իրենց ձեռքի աշխատանքներն են վաճառում, այս փուլում ասում են՝ առևտուր չկա։ Նրանց գնորդը 95 տոկոսով զբոսաշրջիկն է, իսկ այսօր զբոսաշրջիկ չկա։ Այսօր փաստացի միայն պետական համակարգի աշխատակիցներն են, որ վստահ են՝ իրենց աշխատանքը չեն կորցնի։ Բայց եթե այսպես շարունակվի, պետական համակարգում էլ խնդիրներ կլինեն, երկար չի կարող այդպես պահպանվել։

Եթե այսօր 100 տոկոսով են աշխատավարձ ստանում, որոշ ժամանակ անց նրանց աշխատավարձի 70 տոկոսը կսկսեն տալ, հետո՝ կեսը։ Հավերժ չէ, քանի որ լցնող խողովակը չի աշխատում, իսկ դատարկող խողովակը՝ պետական համակարգը, դեռ աշխատում է։ Եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարդանում է, իհարկե, խնդիրները դեռ առջևում են։ Նույնիսկ ես մտածում եմ՝ չլինի՞ մեր պետական համակարգն այնքան մեծ է, որ այսօր փաստացի դեռ չենք տեսնում աշխատանքը կորցրած բողոքող ժողովուրդ։

Բայց առաջիկայում սոցիալական բունտ կարո՞ղ է հասունանալ։

– Իհարկե կարող է, ինձ թվում էր՝ արդեն պետք է լիներ։ Մարդիկ այդ ինչքան կուտակած գումար պետք է ունենային, որ երկու-երեք ամիս ծախսեին։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ մարդիկ սովորաբար այն բանաձևով են ապրում, որ օրվա աշխատածն այդ օրը ծախսում են։

Բոլորը գիտեն, որ թոշակառուի թոշակն ամսի 2-ի առավոտյան նստում է նրա հաշվին, իսկ երեկոյան արդեն հաշիվը զրոյացված է։ Նույնը աշխատավարձին է վերաբերում։

Հետևաբար, սոցիալական բունտեր էլ կլինեն։ Ամբողջ աշխարհում նման բաներ լինում են, մենք չպետք է այնքան մեծամիտ լինենք ու կարծենք, թե ավելի ողջամիտ ենք։ Եթե դրսում այդ երևույթը կա, ուշ թե շուտ մեզ մոտ էլ կհասնի, եթե հիվանդացության բարձրացումը շարունակվի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am