Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան-Գյումրի մայրուղին

Շիրակի մարզի մի քանի համայնքների` Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածում։ Նրանք փակել են ճանապարհը՝ պահանջելով համայնքներն ապահովել ոռոգման ջրով, գրում է Factor.am-ը։

Ըստ ցուցարարների, իրենք լուրջ խնդրի առաջ են կանգնած, քանի որ Կառնուտի ջրամբարի ջուրը կարող է չբավականացնել ու ցանքատարածությունները կմնան անմշակ։

«Անցած տարի 17 միլիոն խորանարդ ջուր կար Կառնուտի ջրամաբարում, այս տարի՝ 9 միլիոն խորանարդ, այսինքն՝ ուղիղ կեսը։ Հացը կորցրեցինք, հիմա էլ կարտոֆիլի ոռոգման սեզոնն է, կարտոֆիլն ենք կորցնում։ Ո՞վ պիտի պատասխան տա մեզ այսպես սնանկացնելու համար», – ասում են բողոքավորները։ Ըստ նրանց, ճանապարհը չեն բացի այնքան ժամանակ, մինչև իրենց խնդրի վերաբերյալ հստակ պատասխան չլսեն ՀՀ կառավարությունից։