Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի անհայտ շտամով վարակման դեպք

ՌԴ Չելյաբինսկի մարզում «Քովիդ-19»-ով վարակվածների թվում արձանագրվել են «բրիտանական» և ևս մեկ անհայտ շտամով վարակման դեպքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզորի» մարզային վարչության ղեկավար Սվետլանա Լուչինինան:

«Հունիսի սկզբին 44 փորձանմուշ ենք ուղարկել ուսումնասիրության: Բացահայտվել է կորոնավիրուսի երեք շտամ՝ երկուսը «բրիտանական», մեկը՝ դեռևս անհայտ ծագման»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ շտամին նկարագրություն դեռևս չի տրվել, այն շարունակում են ուսումնասիրել: Վերջինս հավելել է, որ մարզում չի հայտնաբերվել հնդկական «դելտա» շտամ:

Միևնույն ժամանակ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան տեղեկացրել է, որ Ռուսաստանում արձանագրվել է վիրուսի «դելտա» տեսակով վարակվելու դեպք, և որ վարակված բնակչուհին թեթև է տարել հիվանդությունը:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.4 մլն դեպք, որից ավելի քան 134 հազարը՝ մահվան ելքով: