Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ այսօր՝ վաղ առավոտից, բնակիչներից ահազանգեր են ստացել այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ և փոխանցել ահազանգը, գրում է Factor.am-ը։
«Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:
Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը:
Իրավիճակը վերահսկողության տակ է»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ նույն վարչական շրջանի՝ ժամեր առաջ կատարած հայտարարության մեջ էլ նշվում էր՝ «Հարգելի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, հայտնում ենք ձեզ, որ այսօր առավոտվանից տարածված լուրն այն մասին, որ խմելու ջուրը թունավորված է, պաշտոնապես հաստատված փաստ չէ»։
Ավելի ուշ ֆեյսբուքյան էջից հեռացվել էր նշված բովանդակությամբ գրառումը։
Ժամեր առաջ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ֆեյսբուքյան էջը ևս հայտնել էր, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: «Առինջ համայնքի հարգելի բնակիչներ «Վեոլիա ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»,- գրել էր համայնքի ֆեյսբուքյան էջը։
Առողջապահության նախարարությունից Factor.am-ին փոխանցեցին, որ մասնագետներն արդեն ուսումնասիրել են ջրից վերցված փորձանմուշները, սակայն լաբորատոր հետազոտության արդյունքները դեռևս հայտնի չեն։
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապ հաստատել մեզ կրկին չհաջողվեց։