«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, Փարաքարի համայնքապետի սպանությանը հետևած քննարկումներն ինչպե՞ս եք գնահատում, տարբեր կարծիքներ են հնչում՝ ընդհուպ որ իշխանությունն ուղիղ մասնակցություն ունի այդ գործին: Տեղի ունեցածի ձեր գնահատականը ո՞րն է:
– Հույս ունեմ, որ այս դեպքն իսկապես կբացահայտվի: Սա կարող է լինել անձնական, քաղաքական, չեմ ուզում վաղաժամ կարծիք հայտնել, բայց ակնհայտ է մի բան, որ ընդհանուր անհանդուրժողականության, ատելության այն մթնոլորտը, որ ստեղծված է երկրում, դրա պատասխանատուն իշխանությունն է: Այն կրիմինալը, որը կա երկրում ու գործում է, և դրա դեմը ոչ մի կերպ չեն կարողանում առնել, դրա պատասխանատուն ևս իշխանությունն է:
Այս ընթացքում իրավապահ մարմինները իշխանության համար ծառայել են որպես անձնական թիկնապահ համակարգ, զբաղվել են միայն իշխանության ներկայացուցիչների անձնական կյանքի պաշտպանությամբ, ըստ էության համակարգային ոչ մի պայքար ու աշխատանք չի կատարվում քրեական այս բարքերը վերացնելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ իրեն հարգող ցանկացած մարդ, եթե նախարար նշանակված լիներ, ապա ազնվորեն կվերցներ այդ պատասխանատվությունը իր վրա ու հրաժարականի դիմում կներկայացներ, որովհետև իշխանությունը որքան էլ փորձի ասել, թե իրենք դրա հետ կապ չունեն, դա դեռ կպարզվի, բայց բոլոր դեպքերում եղել են իրադարձություններ, որ մարդկանց կարող են իրավունք տալ մտածել, որ այդ հանցագործության մոտիվը կարող է և քաղաքական լինել:
– Ի՞նչ դեպքեր նկատի ունեք:
– Ընտրություններից առաջ Փարաքարում եղել են կրակոցներ, մենք նաև գիտենք, որ շատերը չէ, որ հաշտ են եղել Գրիգորյանի հաղթանակի հետ: Բոլոր դեպքերում հանցագործությունը կբացահայտվի, ու իրական մոտիվները կհասկանանք, բայց իշխանությունը չի կարող ասել, թե ինքն անմասն է սրանից, քանի որ համայնքապետին իր տան բակում սպանելը ուղիղ կապ ունի նրա հետ, որ իրավապահ համակարգը՝ ՆԳՆ-ն, Ոստիկանությունը, որևէ կերպ չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին:
– Տիկի՛ն Սամսոնյան, Ձեր դիտարկմամբ այս միջադեպից հետո ՆԳ նախարարի հրաժարականի հարցը պետք է քննարկվի՞։
– Նախարարը վաղուց պետք է հրաժարական ներկայացներ, որովհետև սպանությունները, միմյանց վրա կրակելը, թմրամոլությունը բազմապատկվել են Հայաստանում, ինչը ցուցիչ է, որ նա չի կարողանում արդյունավետ կերպով վերականգնել ներքին անվտանգությունը: Բավական չէր՝ արտաքին անվտանգությունը տապալեցին, հիմա էլ՝ ներքին անվտանգությունն են տապալում, ու ոչ մեկը չի ուզում պատասխանատվություն վերցնել դրա համար:
– Փաշինյանը այս դեպքը դատապարտող գրառմամբ էր հանդես եկել, ոմանք այդ տեքստում իրավապահ համակարգին ուղղորդելու տարրեր տեսան: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
– Ես ուղղորդում չեմ տեսել, ես ավելի շուտ տեսել եմ խուճապ ու տագնապ. Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իրենց պատասխանատվությունը կա այս հարցում այն իմաստով, որ իրենք չեն կարողացել կանխարգելել միջադեպը: Ի վերջո, ընդդիմադիր համայնքապետ է սպանվել, ու սա իրականում շատ լուրջ է, Փաշինյանը, շատ լավ հասկանալով այս ամենը, հասկանալով, որ ժողովուրդը մատնացույց է անելու իրենց պատասխանատվությունը, փորձել է արագ արձագանքմամբ ցույց տալ, որ իրենք ուզում են, որ հանցագործությունը բացահայտվի:
Ես չեմ կասկածում, որ իշխանությունը ուզում է գործը բացահայտվի, բայց և չեմ բացառում, որ եթե պարզվի՝ քաղաքական երանգներ կան, ապա կարող են կոծկել հանցագործությունը, մենք տեսանք, որ հղի կնոջը մեքենայի տակ գցեցին, ինչի հետևանքով նա մահացավ, բայց ոչ մեկը պատասխանատվություն չկրեց: Եթե մինչև հիմա բոլորը, կապ չունի՝ իշխանական թե ընդդիմադիր, իրենց արարքների համար պատասխանատվություն կրեին, ապա նման անպատժելիության մթնոլորտ չէր լինի երկրում:
Երբ իշխանության հասցեին ինչ-որ մեկը վիրավորանք կամ քննադատություն է հնչեցնում, որն իրենց դուր չի գալիս, րոպեների ընթացքում բացահայտում են այդ մարդկանց ու փորձում պատասխանատվության ենթարկել: Իշխանությունը անընդհատ խոսում է այն մասին, որ իրենց նկատմամբ փորձում են ահաբեկչություն իրականացնել ու այդ պատրվակով բանտերը քաղբանտարկյալներով են լցրել, բայց փաստն այն է, որ ընդդիմադիր համայնքապետ է սպանվում փողոցում: Եթե այս գործը շուտ չբացահայտեն, ապա կարող ենք եզրակացնել, որ դա անելու համար չկան ցանկություն ու հետևողականություն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















