Այս անգամ մեզ տրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները գերազանցում են Վրաստանի համար հատկացվելիք գումարներին․ քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես հայտնի է, օրերս Եվրամիությունը որոշում կայացրեց առաջիկա 5 տարիների համար Հայաստանին 1,5 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն ցույց տալ, որը կիրականացվի մի շարք ծրագրերի իրականացմամբ։ Այս ամենի խորապատկերին ուշագրավ է հարավկովկասյան մյուս երկրներին տրվող ֆինանսական օգնության ծավալները։

Այսպես, Վրաստանին տրվող ֆինանսական օժանդակության ծավալը կազմելու է 1մլրդ 125մլն դոլար, ինչը բավականին հետաքրքիր է այն առումով, որ Վրաստանը որպես ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկիր մշտապես Բրյուսելից ավելի շատ ֆինանսական օգնություն է ստացել, քան Հայաստանը, իսկ այս անգամ մեզ տրվելիք ֆինանսական օժանդակության ծավալները գերազանցում են Վրաստանի համար հատկացվելիք գումարներին։

Իսկ ԵՄ կողմից հարավկովկասյան երկրներին տրվող ֆինանսական օժանդակության մեջ բացահայտ ետնապահը Ադրբեջանն է, որը կստանա ընդամենը 140 մլն դոլար, ինչի կապակցությամբ հարևան երկրում մեծ դժգոհություն կա Եվրամիությունից։