Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում:   Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական թիմերը շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքը ականազերծելու համար: «Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2165 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1892 շենք , ներառյալ` 30 սոցիալական նշանակության օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ օբյեկտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ: