Բաքվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները՝ Ալիևի հրավերը մերժելու և Շուշի չայցելելու մասին․ Factor.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների՝ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի այցելած այլ պետությունների դեսպանների շարքում բացակայությունը մեծ արձագանք է ստացել և շարունակում է ակտիվորեն քննարկվել Ադրբեջանում, գրում է Factor.am-ը։

Տեղական լրատվամիջոցները մեկաբանություն ստանալու համար դիմել են Բաքվում երեք երկրների դեսպաններին։

Մասնավորապես, Haqqin.az-ի խմբագրությունը խնդրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էռլ Լիտցենբերգերին պատասխանել մի շարք հարցերի և ներկայացրել դեսպանատան պատասխանները։

Հարցին՝ ինչո՞ւ է դեսպանը մերժել Շուշի այցելելու՝ Բաքվի հրավերը, դեսպանատնից պատասխանել են․ «Մենք չենք մեկնաբանում դեսպանի գրաֆիկի հետ կապված մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշ միջոցառումների։ Ուզում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում եղել են մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել գնալ Ֆիզուլի և Շուշի»։

Պարբերականը նաև հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղի հարցում գործում ՌԴ-ի հետ համակարգված, այն դեպքում երբ տարբեր պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի հանդեպ։

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ 2014 թվականին Ուկրաինայի տարածքի օկուպացիայի, կիբեր գործունեության և հակաահաբեկչական գործողությունների, մարդկանց առևտրի, զենքի տարածման և այլ վնասակար գործողությունների համար։ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք՝ երբ Ռուսաստանը կվերադառնա միջազգային պարտավորությունների մոդելին՝ հիմնված միջազգային կանոնների վրա, ինչը հնարավորություն կտա մեզ կառուցել ավելի կայուն ու կանխատեսելի երկկողմ հարաբերություններ։ ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ որպես ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ, ինչպես նաև այնպիսի հարցերում, որոնք փոխադարձ և գլոբալ հետաքրքրություն են ներկայացնում, ինչպիսիք են պատժամիջոցները, սպառազինությունների կրճատումն ու կլիմայի փոփոխությունը»։

Նույն հարցով «Թուրան» գործակալությունը դիմել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատուն։ Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ ասել են հետևյալը․ «Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը»։

Ռուսաստանի դեսպանատնից լրատվամիջոցների նույն հարցմանը դեռևս չեն պատասխանել։