Սոցցանցերում տարածվում են մանիպուլյատիվ գրառումներ Հայաստան այցելած ադրբեջանցիների և թուրքերի մասին․ FIP.am

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գրառումներ ադրբեջանցիների և թուրքերի՝ Հայաստանում  ազատորեն շրջելու մասին: 

Այսպես, Anul Arev Karapetian (Անուլ Արև Կարապետյան) անունով օգտատերը հուլիսի 13-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ենթադրաբար հանգիստը Հայաստանում անցկացնող ադրբեջանցիների մասին BBC-ի ադրբեջանական ծառայության տեսանյութը՝ ներկայացնելով այն որպես նոր: «Արդեն Երևանում..»,- գրել էր օգտատերը: 

Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ բժիշկ Գևորգ Գրիգորյանը, իր էջում հրապարակել էր թուրքական համարանիշներով մեքենայի նկար՝ նշելով, որ այն նկատվել է Երևանում. «Ինչպես ասում են՝ «դժվարն առաջինն է»… Թուրքական մեքենա Մյասնիկյան փողոցի վրա: Պատկերացրեք, որ այս մեքենան ունի վարորդ (հնարավոր է, որ նաև ուղևորներ), ով չէր կարող սոված և ծարավ մնալ Հայաստանի տարածքում»,- գրել է նա:

Իրականում, սակայն, երկու հրապարակումներն էլ մանիպուլյատիվ են:

BBC-ի ադրբեջանական ծառայության տեսանյութը պատրաստվել և հրապարակվել է 2018 թվականի մարտի 26-ին: Նյութը պատմում էր ամեն տարի Հայաստան այցելող Իրանի հազարավոր քաղաքացիների մասին, որոնք նախընտրում են Նովրուզի տոնը նշել Երևանում: «Նովրուզը Երևանում նշող Իրանի քաղաքացիների շրջանում կան բազմաթիվ ադրբեջանցիներ»,- գրել էր լրատվական գործակալությունը՝ հարցազրույցներ ներկայացնելով այդ պահին Հայաստանի մայրաքաղաքում գտնվող ադրբեջանցիների հետ:

Հատկանշական է նաև, որ տեսանյութի հին լինելը ակնհայտ է դառնում հենց այն դիտելու ընթացքում, քանի որ երևում են Երևանում այդ տարի սպասվելիք Էնդիի համերգի պաստառները: Կադրերից մեկում հայտնվում է նաև նախկինում Հանրապետության հրապարակում գտնվող «I love Yerevan» նշանը, որը վաղուց ապամոնտաժվել է: 

Ինչ վերաբերում է մյուս՝ թուրքական համարանիշներով մեքենայի մասին գրառմանը, ապա նշենք, որ դրանում որևէ արտառոց երևույթ չկա:

Հայաստանում թուրքական համարանիշներով մեքենաներով երթևեկելու արգելք չկա, ինչպես չի արգելվում հայկական համարանիշներով մեքենաների մուտքը Թուրքիա:

Հավելենք, որ թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստան են եկել թուրք զբոսաշրջիկներ, իսկ շատ հայեր նախընտրում էին իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում:

Այսպիսով, Հայաստանում գտնվող ադրբեջանցիների մասին սոցցանցերում տարածվող տեսանյութը հին է և ապակողմնորոշող, իսկ թուրքական համարանիշներով մեքենայի մասին գրառումը մանիպուլյատիվ է, քանի որ նման մեքենաների մուտքը Հայաստանում առաջին անգամ չէ:

Փաստերի ստուգման հարթակ