Հայաստանը նման հարց այսօր չունի․ ԱԺ նախագահը՝ ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին

Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։

«Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Սա արդեն երևի 8 անգամ ասել ենք վերջին երկու տարվա ընթացքում։ Էլ ի՞նչ է պետք ասել»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք արցախահայության իրավունքների հարցը Հայաստանը հիմա կքննարկի Ադրբեջանի հետ  խաղաղության պայմանագրի շրջանակներում, Սիմոնյանը պատասխանեց․

«Կարծում եմ, որ մենք պետք է այս պատմական փուլում կենտրոնանանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման և տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա։ Հետագայում ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալու Հայաստանում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կունենա կամ չի ունենա վերադառնալ Բաքու, Ստեփանակերտ, Շուշի և մնացած բոլոր այն բնակավայրերը, որտեղ հայեր են ապրել՝ դա արդեն ապագայի հարց է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ դա անիրատեսական է։

Նա ընդգծեց՝ առանց խաղաղության, առանց ատելության խոսքի վերացման Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն անհնար է։