Նախարարությունն առաջարկում է, որ «Դայակ՝ պետության հաշվին» ծրագրից օգտվեն մինչև 3 տարեկան երեխա ունեցող բոլոր ծնողները. ՀԺ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց պետական աջակցություն տրամադրել երեխայի մինչեւ երեք տարին լրանալը՝ նախկին երկու տարվա փոխարեն: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ ներկայացրեց գործող ծրագրի էությունը՝ նշելով.

«Եթե ծրագիրը կարճ անվանենք, կոչվում է «Դայակ՝ պետության հաշվին»: Այս գործող ծրագրով հնարավորություն է տրվում այն աշխատողներին, որոնք գտնվում են երեխայի խնամքի արձակուրդի մեջ և ցանկանում են ընդհատել երեխայի խմանքի արձակուրդն ու վերադառնալ իրենց աշխատանքին, աջակցել երեխայի խնամքի կազմակերպման հարցերում: Ըստ ծրագրի կարգավորումների, որպեսզի ծնողը կարողանա երեխայի խնամքը կազմակերպել աշխատանքին զուգահեռ, պետությունը ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն մինչև երեխայի 2 տարին լրանալը՝ յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս տևողությամբ, ամսական կտրվածքով՝ երեխայի խնամքի կազմակերպման նպատակով վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության (մասնավոր մանկապարտեզ) կամ դայակի հետ կնքված պայմանագրով նախատեսված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, որը ներկայումս 68000 դրամ է»:

Նախագծով առաջարկվում է նախ՝ ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունը երկու տարվա փոխարեն տրամադրել երեք տարի՝ պայմանավորված հետևյալով. «Քանի որ անվճար մանկապարտեզներում ընդունելությունը հիմնականում սկսում է երեխաների երեք տարեկանից, իսկ գործող ծրագրով մինչև երեխայի երկու տարին լրանալն է հատկացվում պետական աջակցության, ուստի նոր նախագծով առաջարկվում է ևս մեկ տարի աջակցել ծնողին և այդ բացը լրացնել»,- նշում է մասնագետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում