Արցախում տներ կառուցելու նպատակով անհատույց պետական աջակցության ծրագրից կօգտվեն նաև Ստեփանակերտի բնակիչները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները: 

Այս մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ: «Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։ Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը»,- գրել է Հարությունյանը։