Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պատրաստ են Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Աֆղանստանից ագրեսիայի դեպքում. ռուս դիվանագետ.Factor

Աֆղանստանում իրավիճակի սրման հետևանքով Տաջիկստանը գտնվում է խոցելի իրավիճակում։ Տաջիկստանի իշխանություններն ամրացնում են Աֆղանստանի հետ սահմանը  և Ռուսաստանն օգնում է այդ հարցում։

«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Տաջիկստանում ՌԴ դեսպան Իգոր Լյակին-Ֆրոլովը։ «Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած անհրաժեշտ օգնություն կցուցաբերի մեր ռազմավարական գործընկեր Տաջիկստանին՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է Իգոր Լյակին-Ֆրոլովը։

Նա նշել է, որ Տաջիկստանում է գտնվում 201-րդ ռուսական ռազմաբազան, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու հարավային սահմանների անվտանգության և կայունության երաշխավորը։ «Չեմ կասկածում, որ անհրաժեշտության դեպքում 201-րդ ռազմաբազան հետ կմղի աֆղանական ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած ագրեսիվ գործողություն»,- ասել է դեսպանը։

Պատասխանելով հարցին, որ տարբեր փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակի սրման դեպքում Տաջիկսատանին կօգնի միայն Ռուսաստանը երկկողմ՝ հիմունքով, քանի որ ՀԱՊԿ-ի ուժերը տարբեր պատճառներով չեն կարող դա անել, ռուս դիվանագետը նշել է, որ երկուսն էլ պատրաստ են օգնել։

«Ռուսաստանը, ինչպես և ՀԱՊԿ-ը, պատրաստ են Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Աֆղանստանի տարածքից ակնհայտ ագրեսիվ գործողությունների դեպքում։ Դրա համար էլ ստեղծվել են Արագ արձագանքման հավաքական ուժերը։

Սակայն ՀԱՊԿ-ի կողմից նման արձագանքի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Իգոր Լյակին-Ֆրոլովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Տաջիկստանի մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը խնդրել էր ՀԱՊԿ անդամներին՝ օգնել պաշտպանել Աֆղանստանի հետ հանրապետության սահմանը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: