Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաղորդագրությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Իրակլի Ղարիբաշվիլիի ուղերձում ասված է.

«Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։

Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի միջև դարերի ընթացքում ձևավորված սերտ կապերն ու ավանդական բարիդրացիական հարաբերություններն ապագայում ավելի կամրապնդվեն։ Նաև ցանկանում եմ պատրաստակամություն հայտնել ակտիվ երկխոսության համար այս փոխշահավետ համագործակցության էլ ավելի ամրապնդման գործում։

Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստել իմ խորին հարգանքը և մաղթել Ձեզ և եղբայրական հայ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:

Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։