Կութ գյուղում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել․ Factor.am

«Կութում գիշերը խաղաղ է եղել, համարյա կեսգիշերից սկսած կրակոցները դադարել են։ Զենքերը չեմ տարբերում, բայց ձայներից կարող եմ ենթադրել, որ ծանր զինատեսակներ էին, գմփոցներն ուժեղ էին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա: Ավելի ուշ նշանառության տակ հայտնվեց նաև Սոթքի լեռնանցքը։

Համայնքապետի խոսքով՝ վիրավորներ չկան, ցավոք, ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը․

«Գյուղերի բնակիչների տարհանում չի եղել, խուճապ չկա։ Չեմ ասում՝ չենք վախենում, բայց բոլորն էլ իրենց տներում են մնացել, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել»,- հավելեց Չիտչյանը։