Բաքուն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկին. Ալիև

Բաքուն մինչ օրս Երևանից պատասխան չի ստացել խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրում, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսեն սահմանազատման, այսինքն ՝ սահմանների հաստատման գործընթացը»,- պարզաբանել է նա:

«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, եթե պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչվել է ամբողջ աշխարհում, ապա, իհարկե, տարածաշրջան երկարաժամկետ խաղաղություն կգա։ Մենք դա ուզում ենք։ Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար սեղանին կան կոնկրետ առաջարկներ»,- հավելել է Ալիևը։ Ալիևի խոսքերով՝ ճանապարհների բացումը, Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, բոլոր առևտրային կապերի վերականգնումը և Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը Ադրբեջանի շահերն են:

«Կարծում եմ, որ դա բխում է նաև Հայաստանի շահերից։ Որովհետև Զանգեզուրի միջանցքը ծառայելու է նաև Հայաստանի շահերին։ Նրանք կկարողանան երկաթուղային հաղորդակցություն հաստատել թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի հետ։ Այսօրվա դրությամբ՝ նման կապ չկա, և մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում նաև Հայաստանի համար»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ Հայաստանի հետ, հայտարարել է Ալիևը:

Ալիևը հայտարարել էր նաև, որ Հայաստանի կողմից փոխանցված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը Ղարաբաղում կազմում է ընդամենը 25 տոկոս: Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության կետերի մեծ մասն իրագործված է, բայց կան որոշ բաց հարցեր, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Այս մասին հայտնում է factor.am-ը: