Ինչ իրավիճակ է սահմանին․ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է հայտնել․ Factor.am

Սահմանին այս պահի դրությամբ հարաբերական անդորր է․ զոհերի, վիրավորների մասին արդեն գիտեք, հակառակորդի տվյալների մասին մենք չենք կարող ասել, որովհետև ինչպես միշտ իրենք տեղեկություններ չեն տալիս․ այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, գրում է Factor.am-ը:

ԳՇ պետի տեղակալն ընդգծեց, որ Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը փորձում է լարվածություն պահել, սակայն առաջ գալ չի փորձում։

«Սահմանում մեր Զինված ուժերի ամենօրյա ծառայողական, մարտական գործունեության առօրյան է: Քանի դեռ մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է: Մեր խնդիրն է ցանկացած ժամանակ ճնշել դրանց բոլոր մեթոդներով»,- նշեց Մակարյանը։

Անդրադառնալով ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի հետևյալ հայտարարությանը․ «Եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք՝ ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»՝ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ նախարարի խոսքերը պետք է ընդունել բառի բուն իմաստով։ ԳՇ պետի տեղակալը նաև նշեց, որ տեղեկություն չունի, թե Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման առումով ինչ գործընթաց է ընթանում։

«Ես ևս մեկ անգամ ձեզ ասում եմ՝ հայ մարդու կերպարն է՝ ձախ ձեռքին Աստվածաշունչ, աջ ձեռքին՝ «պուլիմյոտ Կալաշնիկով»․ այս է մեր կերպարը: Մինչև վերջ պիտի կռվենք ու ապրենք»,- եզրափակեց Անդրանիկ Մակարյանը: