Արմեն Չարչյանն ու իր պաշտպանն անհիմն են համարում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը Վերաքննիչ քրեական դատարանի՝ իրեն կրկին կալանավորելու դատախազության բողոքը բավարարելը անհիմն է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամանելով՝ «Վարդաշեն» ՔԿՀ՝ Չարչյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, քանի որ դատախազության ներկայացրած երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն:

«Չեմ ցանկանում որևէ բան որակել, քանի որ իրավական գործընթաց կա, երբ այն կավարտվի, այդ ժամանակ ես ամեն ինչ կասեմ: Հարկ եմ համարում նշել, որ այն երկու հիմքը, որոնցով դատախազն ինձ կալանք է առաջադրել, արդեն չկան: Մեկն այն է, որ ես այլևս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը չեմ և ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, ում ապօրինաբար ցանկանում են զրկել ազատությունից: Երկրորդ հիմքն էլ այն է, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, բայց դրանք արդեն տրվել են: Այս ամենի հետ մեկտեղ, դատախազը նաև նշել է, որ իրենք հիմք չեն համարելու այդ ցուցմունքները և հիմք են համարելու տարածված ձայնագրությունը: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատավորն ինձ կալանավորելու որոշում կայացրել»,- նշեց Չարչյանը:

Նա շեշտեց, որ իր համար կալանքի որոշումը սպասելի էր՝ հաշվի առնելով այն, որ ի սկզբանե գործը ոչնչի վրա է կառուցված եղել ու որ ինքը «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է:

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ սա քաղաքական հետապնդում է և Առաջին ատյանի դատարանի որոշումը (Չարչյանի կալանքը վերացնելը – հեղ.) բեկանելու որևէ հիմք չկա:

«Այն հիմքերը, որոնք ներկայացվել են, այժմ չկան: Այս որոշումն ապօրինի է: Մենք պայքարելու ենք իրավական դաշտում ու մինչև վերջ: Պարոն Չարչյանն ազատության մեջ է գտնվելու, արդարադատությունը վերականգնվելու է»,- շեշտեց պաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, օգոստոսի 23-ին, բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հուլիսի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: