Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ Factor.am

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը։ Ըստ փաստաբանի՝ ընտրված խափանման մյիջոցն անհիմն է և չի համապատասխանում փաստական տվյալներին։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության համաձայն՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190 000 000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800 000 000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ըստ ՀՔԾ-ի՝ Հովսեփյանը նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 299 404 414 ՀՀ դրամ: